Ամենից առաջ անհրաժեշտ է ապահովել տնտեսության լիաթոք աշխատանքը, ստեղծել պաշտպանունակության եւ անվտանգության ապահովման հուսալի նախադրյալներ, ներդաշնակել այսօրվա եւ վաղվա խնդիրների լուծումը, լինել ակտիվ ու վճռական՝ տնտեսական վերափոխումների բնագավառում։
Ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակում նախ եւ առաջ պետք է ապահովել տնտեսական կապերի աշխարհագրության այնպիսի փոփոխություն, երբ կորսվող կապերը նորերով փոխարինելու գործընթացն ի զորու լինի փոխհատուցելու տնտեսական համակարգի կտրուկ տատանումների հետեւանքով առաջացող կորուստները։ Պետք է ելնել նաեւ այն մեկնակետից, որ առաջիկայում Ռուսաստանը մեր հանրապետության համար շարունակելու է մնալ տնտեսական հարաբերություններում ամենամեծ բաժին ունեցող գործընկերը։
Տնտեսական վերափոխումներ իրականացնելիս անհրաժեշտ է խուսափել ծայրահեղություններից, պետական սեկտորի կարեւոր դերի ու նշանակության թերագնահատումից՝ ներդաշնակելով սեփականության բազմաձեւության հիմքի վրա ծավալվող տնտեսական հարաբերությունները եւ հաշվի առնելով ճգնաժամային կառավարման անխուսափելիությունը։
Խիստ արագացման անհրաժեշտություն ունեն տնտեսության կառուցվածքային վերափոխումները՝ հաշվի առնելով այդ հարցում ինվեստիցիոն քաղաքականության արմատական վերանայումը, ոչ պետական եւ օտարերկրյա ներդրումների ներգրավման հետ կապված հարցերի լուծումը։
Կարեւոր խնդիրներից մեկն էլ այն է, որ հանրապետության արտադրական ենթակառուցվածքները ոչ թե խոչընդոտեն, այլ նպաստեն տնտեսության կայունացմանն ու հետագա աճին։ Հետեւաբար, ենթակառուցվածքային վերափոխումները տնտեսական վերափոխումներին խիստ ներդաշնակ պետք է ընթանան։ Անցումային փուլում, առանձնապես մեր իրավիճակում, ենթակառուցվածքների ձեւավորման ու վերափոխման հարցում անխուսափելի ու անհրաժեշտ է պետական հովանավորությունը։ Անցումը շուկայական տնտեսական հարաբերություններին չպետք է իրականացվի հանպատրաստից ու աղմկարարությամբ։ Յուրաքանչյուր