գտնվում է Մոսկվայի ձեռքում, որի վտանգման պատասխանատվությունն էլ ընկնում է հենց նրա վրա։
Ղարաբաղյան շարժման հակառակորդների կողմից որպես հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությանը հակասող երեւույթ, որպես հակառուսական տրամադրությունների բորբոքման մեղադրանք է ներկայացվում նաեւ միտինգներում արտահայտվող այն մտահոգությունը, որ վերաբերում է հայոց լեզվի կիրառության ոլորտի ընդլայնման, հայկական դպրոցների բարենորոգման, հայ մշակույթի զարգացման եւ նման այլ հարցերի։ Անհանդուրժողականություն է ցուցաբերվում նույնիսկ այնպիսի բնական եւ սահմանադրական իղձերի նկատմամբ, ինչպիսիք են, օրինակ, հայ մանուկներին հայկական դպրոց ուղարկելու, հիմնարկ-ձեռնարկություններում գործավարությունը Սովետական Հայաստանի պետական լեզվով իրագործելու, դիսերտացիաները հայոց լեզվով գրելու պահանջները եւ այլն։ Ինչպես հայտնի է, նման պահանջներ ներկայացվում են համարյա բոլոր միութենական հանրապետություններում՝ դրական արձագանք գտնելով նույնիսկ կենտրոնական մամուլում։ Այս փաստն ինքնին ցույց է տալիս, որ մայրենի լեզվի եւ ազգային դպրոցի ճակատագրի մտահոգությունը համատարած երեւույթ է եւ պահանջում է լուրջ վերաբերմունք ինչպես տեղական, այնպես էլ կենտրոնական իշխանությունների կողմից։
Հայաստանում հակառուսական տրամադրությունների իսկական հրահրողը, որքան էլ տարօրինակ է, հենց հանրապետության ղեկավարությունն է, հանրապետության բյուրոկրատիան։ Ինչի՞ նման է, օրինակ, այն փաստը, որ համարյա բոլոր նոմենկլատուրային աշխատողների երեխաները ուսանում են ռուսական դպրոցներում, ղեկավար անձանցից շատերը չեն տիրապետում մայրենի լեզվին եւ գերադասում են ելույթներ ունենալ ռուսերենով, ռուսական դպրոցներն օգտվում են առանձնահատուկ շնորհներից, մինիստրություններում ու հիմնարկ-ձեռնարկություններում հայոց լեզուն հանվում է գործածությունից, պաշտոնյաների առանձնասենյակների մակագրություններն արվում են ռուսերեն եւ այլն։ Այս բոլորը, բնականաբար, ժողովրդի մոտ ռուսաց լեզվի համար առանձնաշնորհված սոցիալական գերակայության եւ ծրագրված ռուսականացման պատկերացում է ստեղծում, որ