Կառավարությունում, մասնավորապես էկոնոմիկայի նախարարությունում լրջորեն քննարկվում է արտադրության ոլորտում գոնե մասնակի սեփականաշնորհում իրականացնելու գաղափարը։ Գաղափարի էությունն այն է, որ պետական ձեռնարկությունների ֆոնդերի 10–20 տոկոսը սեփականաշնորհվի կոլեկտիվներին։ Դա, իհարկե, առաջին հայացքից կարող է վիճելի թվալ, բայց այդ դեպքում միանգամից լուծվում են մի քանի հարցեր, նախ՝ սոցիալական արդարության ապահովումը, այնուհետեւ՝ կոլեկտիվների դերի մեծացումը արտադրության կազմակերպման գործում, եւ, որ ամենակարեւորն է, եւ ես դրա մասին արդեն խոսեցի, առկա արտադրական կարողությունների պահպանության, պաշտպանության հարցերի կարգավորումը։ Թեեւ այս միջոցառումն իրականացնելու հարցում դժվարություններ կծագեն, բայց ամեն գնով դա պետք է իրականացնել։ Դժվարություններ կծագեն նախեւառաջ խորհրդարանում (դուք գիտեք, թե այնտեղ ինչ մթնոլորտ է տիրում. նույնիսկ տնտեսական խնդիրներին զուտ տնտեսագիտական հիմնավորումների փոխարեն՝ քաղաքական երանգ է տրվում)։ Այստեղ դուք ձեր վճռական խոսքը պետք է ասեք։ Ինչո՞ւ հրապարակները կարող են ազդել խորհրդարանի աշխատանքների վրա, իսկ ահա այսպիսի մի հզոր բանակ չի կարող ազդել։ Բազմաթիվ օրենքներ, որոնց անհրաժեշտությունը դուք ինքներդ եք զգում, արդեն տարիներով գտնվում են խորհրդարանի պահոցներում, եւ այդ օրենքներն ընդունելու մտադրություն անգամ չկա։ Կարծում եմ, տնօրենների այս խորհուրդը կազմակերպական ձեւ պետք է ստանա, պետք է դառնա քաղաքական այնպիսի ուժ, որը կարողանա ազդել հանրապետության քաղաքական կյանքի վրա։ Դուք պետք է մասնակցեք նաեւ խորհրդարանի նիստերին, բարձրացնեք ձեր ձայնը, ներկայացնեք ու պաշտպանեք ձեր պահանջները։
«Հայաստանի Հանրապետություն», 3 մարտի, 1993 թ.։ Հրատարակված՝ «Մենք, երկուստեք, դեռեւս սովորելու շատ բան ունենք» վերնագրով։