Այս էջը սրբագրված է

հսկայական շինարարական աշխատանքը, իրենք ոչինչ չկառուցեցին եւ այլն, եւ այլն։

Եթե անտեսելու լինենք համակարգային արմատական փոփոխությունների հետեւանքով առաջացած անխուսափելի բարդությունները, ապա անհնար է չհամաձայնել այս մեղադրանքի հետ, մանավանդ որ կյանքի շեշտակի վատթարացման անուրանալի փաստը խոսում է միմիայն դրա օգտին։

Բայց այդ հանգամանքն անտեսելու դեպքում պետք է ընդունել, որ ՀՀՇ-ն եւ Հայաստանի ներկա իշխանություններն են քայքայել նաեւ Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելոռուսի, Վրաստանի, Ադրբեջանի տնտեսությունները, որովհետեւ կյանքի[1] շեշտակի վատթարացման անուրանալի փաստն առկա է նաեւ այնտեղ։

Եթե համակարգային փոփոխությունների՝ նախկին խորհրդային բոլոր հանրապետություններին հատուկ բացասական հետեւանքներին ավելացնենք նաեւ Հայաստանի յուրահատուկ բարդությունները՝ աղետի գոտու վերականգնման, 300 հազար գաղթականների ադապտացիայի խնդիրներն ու, մանավանդ, Լեռնային Ղարաբաղում շարունակվող պատերազմը եւ հանրապետության համարյա լիակատար շրջափակումը, ապա կարծում եմ` պատկերը լիակատար կդառնա։

Քանի դեռ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն չի հաստատվել, եւ չեն վերացվել Հայաստանի շրջափակումները, ոչ մի իշխանության, լինի ՀՀՇ-ական, դաշնակցական, թե կոմունիստական, չի հաջողվի քիչ թե շատ բարելավել հանրապետության սոցիալ֊տնտեսական իրավիճակը։ Սա՛ է դրության իրական պատկերը, եւ սնանկ են այլ պատճառների փնտրտուքները։

Այժմ անցնենք կոմունիստների եւ Հայաստանի ներկա իշխանությունների շինարարական գործունեության հարցին։

Նախ անուրանալի է, իհարկե, որ կոմունիստական վարչակարգի 70 տարիների ընթացքում Հայաստանում ծավալվեց հսկայական շինարարական աշխատանք, յուրացվեցին հարյուրհազարավոր հեկտար նոր հողեր, բնակչության թիվը քառապատկվեց, լուրջ ծաղկում ապրեց մշա

  1. Կյանքի բառը տպագիր տեքստում բացակայում է, ավելացնում ենք ըստ ձեռագրի։