Այս էջը սրբագրված է

նկատառումով` բնապահպանական, տնտեսական եւ քաղաքական։ Շարժման տեսակետից հատկապես կարեւոր էին վերջին երկու նկատառումները։

«Նաիրիտի» հարյուրավոր միլիոնների արժութային ողջ հարստությունը տնօրինում էր որ Խորհրդային Միությունը՝ փոխարենը թունավորելով Հայաստանի մթնոլորտը եւ ռուբլով վճարելով միայն աշխատավորների աշխատավարձը։ ՀՀՇ-ն այդ պատճառով պնդում էր, որ եթե Հայաստանը թունավորվում է, ապա գոնե ինքը պետք է տնօրինի այդ հարստությունը։ Քաղաքական տեսակետից «Նաիրիտի»՝ որպես Խորհրդային Միության կաուչուկի արտադրության մոնոպոլիստի փակումը նշանակում էր հզոր ճնշում կենտրոնական իշխանությունների վրա՝ Լեռնային Ղարաբաղի հարցում նրանից զիջումներ կորզելու նպատակով։ Խորհրդային Միությունը կրեց հսկայական վնասներ. վալյուտայով արտասահմանից գնեց անհրաժեշտ հումքը, բայց զիջումների չգնաց։ ՀՀՇ-ի ակնկալիքը չարդարացավ, եւ Հայաստանի ներկա իշխանություններն, արդեն զուտ տնտեսական նկատառումներով, վերանայեցին իրենց որոշումը։

Ինչ վերաբերում է ատոմակայանին, ապա նրա փակման գործում ՀՀՇ-ն որեւէ դերակատարություն չի ունեցել։ Ճիշտ է՝ ՀՀՇ-ի ծրագրում արտահայտված է եղել ատոմակայանի փակման պահանջը. այդ պահանջը բազմիցս հնչել է նաեւ ՀՀՇ-ի կազմակերպած հանրահավաքներում, բայց երբ 1989 թվականի հունվարին ԽՍՀՄ եւ այնուհետեւ Հայաստանի Մինիստրների խորհրդում ընդունվեց ատոմակայանի փակման որոշումը, ՀՀՇ-ն նրա վրա ամենեւին չէր կարող ազդել։ Այն պարզ պատճառով, որ Շարժումն այդ ժամանակ լիովին կաթվածահար էր եղել. ձերբակալված էին «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամները եւ Շարժման հարյուրից ավելի ակտիվիստներ։ Շարժումը վերակենդանացավ միայն այդ ակտիվիստների բանտից ազատ արձակվելուց, 1989 թ. փետրվարի 28-ի Սումգայիթի ոճրագործության տարեդարձին նվիրված հանրահավաքից ու մարտի 8-ի ցույցից հետո։

Սա ամենեւին չի ասվում ժամանակի իշխանություններին մեղադրելու նպատակով. ով էլ լիներ իշխանության գլուխ, ահավոր երկրաշարժից հետո չէր կարող ընդունել այլ որոշում, քան ատոմակայանի փակումը՝ խուսափելու համար ավելի ահավոր վտանգներից։ Ժողովրդի