1. Խաղաղության գործընթացում Լեռնային Ղարաբաղը պետք է ճանաչվի որպես հակամարտության լիիրավ կողմ. այսինքն` Ղարաբաղի նկատմամբ պետք է կիրառվի նույն ստանդարտը, որ կիրառվում է նման տիպի բոլոր հակամարտություններում։
2. Ռազմական գործողությունների դադարեցման միջոցառումների շարքում պետք է ապահովվի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակումների լիակատար վերացումը։
3. Ադրբեջանի գրավված տարածքներից Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի դուրսբերումից հետո խաղաղարար ծրագիրը պետք է լիովին երաշխավորի ռազմական գործողությունների վերսկսման անհնարինությունը։
4. Հակամարտության հետ կապված իրավաքաղաքական խնդիրները, այդ թվում` առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, պետք է լուծվեն ԵԱՀԽ-ի Մինսկի կոնֆերանսում։
Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն, այսպիսով, առաջնորդվելով ոչ թե ժամանակավոր հրադադարի, այլ կայուն խաղաղության հաստատման շահագրգռությամբ, դրսեւորում են միանգամայն կառուցողական մոտեցում, որը, հուսով ենք, պատշաճ արձագանք կգտնի միջազգային հանրության մոտ։
Մեր առջեւ կանգնած հաջորդ կարեւոր խնդիրը վերաբերում է Հայաստանի ներքին քաղաքական կյանքին եւ պետական շինարարության ոլորտին։
Ոչ ոք չի կարող ժխտել անկախության տարիներին Հայաստանում տիրող համեմատական կայունությունը, իրավիճակի կառավարելիությունը, ժողովրդավարական ազատությունների ու շուկայական հարաբերությունների լուրջ նախադրյալների գոյությունը, որով նա շահեկանորեն տարբերվում է նախկին խորհրդային մի ամբողջ շարք հանրապետություններից։
Ետկոմունիստական Հայաստանում չի արգելվել ոչ մի ցույց կամ միտինգ, չի փակվել ոչ մի թերթ, չի կասեցվել ոչ մի կուսակցության գործունեություն, չի արձանագրվել ոչ մի քաղբանտարկյալ։
Օրենսդիր եւ գործադիր իշխանությունները, երբեմն սրվող հակասություններով հանդերձ, առայժմ խուսափել են միմյանց գործունեությունը վիժեցնելու վտանգից։ Խորհրդարանը դեռեւս չեղյալ չի