Ռուսաստանի կոշտ դիրքորոշման եւ անջատ գործողությունների պատճառով, սակայն, ֆինանսական համակարգի փլուզման գործընթացը դուրս եկավ վերահսկելի հունից, եւ պահանջվեց ընթացքից մոտեցումների վերանայում։ Արդյունքում` Ռուսաստանն ինքը դուրս մնաց ռուբլու գոտուց. օրերս նրան հետեւեցին Ղազախստանն ու Ուզբեկստանը, եւ մենք նույնպես պետք է կատարենք մեր ընտրությունը։ Ռուբլու գոտու ձեւավորման նման հեռանկարը, որքան էլ անցանկալի, այնուամենայնիվ, մեր կողմից կանխատեսվում էր, ու դրան համապատասխան ձեռնարկվում էին անհրաժեշտ քայլեր։ Մասնավորապես՝ ամբողջությամբ տպագրվեց եւ հանրապետություն փոխադրվեց ազգային դրամանիշը` Դրամը։ Ակտիվ բանակցություններ ծավալվեցին Միջազգային վալյուտային ֆոնդի, տարբեր երկրների հետ` ազգային դրամի հնարավոր ներդրման դեպքում դրա կայունությանն օժանդակող քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։
Դրամաշրջանառության կարգավորման համալիր միջոցառումներ մշակելու եւ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից 1993 թ. հոկտեմբերի 13-ին ստեղծվեց հատուկ պետական հանձնաժողով։ Եւ ահա, համակողմանիորեն գնահատելով ստեղծված նոր կացությունն ու առաջնորդվելով օրենքով իրեն վերապահված իրավասություններով, Դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովը որոշել է 1993 թվականի նոյեմբերի 22-ի 00 ժամից Հայաստանի Հանրապետության տարածքում դադարեցնել ԽՍՀՄ պետբանկի եւ ՌուսաստանիԴաշնության կենտրոնական բանկի 1991–1992 թթ. նմուշի հազար, հինգ հազար եւ տաս հազար ռուբլիանոց դրամանիշերի շրջանառությունը։
Նման քայլը ենթադրում է.
նախ` կանխել այլ վայրերից շրջանառությունից դուրս եկող դրամանիշերի ներհոսքը Հայաստանի Հանրապետություն, երկրորդ` կառավարելի դարձնել դրամաշրջանառության ամբողջ համակարգը եւ այն ծառայեցնել մեր տնտեսության կայունացման ու բնակչության սոցիալական պաշտպանվածության խնդիրների լուծմանը,