Այս էջը սրբագրված է

եւ երրորդ` տնտեսական ինքնուրույնության նոր հիմքի վրա փնտրել Ռուսաստանի ու նախկին Խորհրդային Միության մյուս հանրապետությունների հետ համագործակցության հետագա ծավալման առավել գործուն ու փոխշահավետ ուղիներ։

Հանձնաժողովի որոշումը միաժամանակ ենթադրում է 1993 թ. նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1993 թվականի նմուշի 10, 25, 50, 100, 200 եւ 500 դրամանոց բանկային տոմսերը։ Դրանով իսկ շրջանառության մեջ է դրվում հայկական դրամը` ռուբլու հետ 1-ը 200-ի հարաբերությամբ (այսինքն` 1 դրամը հավասար կլինի 200 ռուբլու)։ Այս որոշումն ունի սկզբունքային նշանակություն եւ մեզանում ստեղծում է հասարակական-տնտեսական հարաբերությունների որակապես նոր միջավայր։

Նման քայլը ոչ միայն ենթադրում է հաղթահարել այն բոլոր բարդությունները, որոնք առաջացել են հիպերինֆլյացիայի ու դրամաշրջանառության քաոսի հետեւանքով, այլեւ նախադրյալներ ստեղծել տնտեսության կայունացման ու տնտեսական վերափոխումների իրականացման համար։ Նոր իրավիճակը թելադրում է հստակ, վճռական ու հետեւողական աշխատանք բոլոր օղակներում։ Այլընտրանք այլեւս գոյություն չունի։ Ամբողջ հանրապետության եւ մեզանից յուրաքանչյուրի աշխատանքով է պայմանավորված, թե ինչպիսին կլինի հայկական դրամի կայունությունը, գնողունակությունը, փոխարկելիությունը։ Այս խնդրին պետք է ծառայի մեր ամբողջ տնտեսության աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպումը։ Մեզ համար, անտարակույս, նախընտրելի կլիներ ազգային դրամ մտցնել շրջափակման աղթահարման, ձմռան հետ կապված բազմաթիվ հիմնահարցերի լուծման, տնտեսության որոշակի կայունության ու մարդկանց սոցիալական պաշտպանվածության թեկուզ նվազագույն երաշխիքների ստեղծման պայմաններում։

Սակայն նման ընտրության հնարավորություն մեզ տրված չէ։ Որքան էլ դժվարին ու բարդ լինի իրավիճակը, մենք պարտավոր ենք ոչ միայն շրջանառության մեջ դնել մեր ազգային դրամանիշը, այլեւ դրա