Դրամի փոխանակման կազմակերպումը զուտ տեխնիկական խնդիր է, եւ Պետական հանձնաժողովը, հանրապետության կառավարությունն ամեն ինչ պետք է անեն այն հա ջողությամբ եւ հանրապետության բնակչության համար նորմալ ու կազմակերպված պայմաններում իրականացնելու ուղղությամբ։
Սակայն գլխավոր հարցը դեռեւս առջեւում է։
Անհրաժեշտություն է առաջանում լրջորեն սրբագրել ամբողջ տնտեսական քաղաքականությունը, էապես շտկել բանկային համակարգը, բարձրացնել հարկերի խթանիչ դերն ու հարկային եւ բյուջետային քաղաքականության արդյունավետությունը, լրջորեն բարելավել կառավարման ամեն մի օղակի գործունեությունը։
Կառավարման ամբողջ համակարգը պետք է նպաստի տնտեսության աշխուժացման, արտաքին առեւտրի խթանման, ներմուծումների ծավալների մեծացման, դրամաշրջանառության վերահսկելիության գործին։ Սա հանրապետության օրենսդիր ու գործադիր իշխանություններից պահանջում է նախկին մի շարք որոշումների վերանայում եւ համակարգված աշխատանք։
Միաժամանակ ամենաակտիվ աշխատանքներ պետք է տարվեն դրամի արժութային ապահովման խնդրի հետագա լուծման ուղղությամբ։
Սիրելի հայրենակիցներ, ցրտի ու կարիքի ծանր բեռի տակ կքած` մեզանից յուրաքանչյուրի համար նոր փորձություն, նաեւ անխուսափելի քայլ է դրամաշրջանառության այս վերափոխումը։ Պետք է հուսալ, որ այն հնարավորություն կտա ավելի ներգործուն դարձնել տնտեսության կայունացմանն ուղղված քայլերը եւ ավելի ընդունելի ու հեռանկարային ձեւեր գտնել նորանկախ պետությունների տնտեսական ինտեգրացիայի ու համագործակցության հետագա խորացման ուղղությամբ։ Բոլոր պարագաներում մեր ազգի ու ժողովրդի համար պատմական ու արժանահիշատակ իրադարձություն է ազգային դրամի շրջանառությունը, եւ եկեք այն ընդունենք լավատեսությամբ ու հաստատակամությամբ` վստահությամբ տոգորված վաղվա օրվա հանդեպ։
«Հայաստանի Հանրապետություն», 20 նոյեմբերի, 1993 թ.։
Հրատարակված՝ «Ազգային դրամի շրջանառությունը մեր ժողովրդի համար արժանահիշատակ իրադարձություն է» վերնագրով։
ՀՀԱՆԱ, 28/19.11.93։ Բնագիր։ Մեքենագիր – ձեռագիր։