նական ավարտին հասցնելով անկախ պետականության վերականգնման առաջին, բախտորոշ փուլը։
Հանգուցալուծումն այսպիսով մոտ է, բայց բոլոր դեպքերում՝ ոչ պարզունակ։ Մեզ՝ իշխանության պատասխանատուներիս համար այսօր ամենակարեւոր խնդիրն է՝ առանց ցնցումների եւ օրինականության շրջանակներում անցկացնել մինչեւ Սահմանադրության ընդունումն ու իշխանության նոր մարմինների ընտրությունն ընկած առաջիկա ժամանակահատվածը, որի համար փոխհանդուրժողականությունից բացի թերեւս կպահանջվի մշակել նաեւ մեր գործելակերպի ժամանակավոր կանոններ, ես չեմ ուզում օգտագործել քաղաքական պայքարի մորատորիում կամ քաղաքացիական համաձայնություն վերամբարձ հասկացությունները։
Սակայն նախքան գործելակերպի այդ կանոններին անցնելը՝ մի քանի խոսք Հայաստանի ներքաղաքական կացության մասին, որի վերջին բնորոշ գիծը իր արտահայտությունն է գտել ազգային համաձայնության (կոալիցիոն) կառավարության գաղափարի մեջ։
Ո՞րն է այդ գաղափարի հիմքը. ընդդիմության տեսակետից՝ Հայաստանի ներկա իշխանությունները վերածվել են հանցագործ խմբակցության, թայֆայի, քայքայել են հանրապետության տնտեսությունը, սերտաճել մաֆիայի հետ, դավաճանել ազգային դատին, ծախել Ղարաբաղը, կորցրել մեր ավանդական դաշնակիցներին եւ այլն, ուստի անհրաժեշտ է թեկուզ փողոցային խռովությունների ու կախաղանների միջոցով նրանց հեռացնել ասպարեզից եւ կոալիցիոն կառավարության օգնությամբ ազգը փրկել անխուսափելի կործանումից։
Երբ ընդդիմությանը հիշեցվում է, որ Հայաստանի ներկա իշխանություններն ընտրվել են օրինական ճանապարհով, նա պատասխանում է՝ ընտրությունները տեղի են ունեցել Ղարաբաղյան շարժման ալիքի վրա եւ հանդիսացել են ոչ այնքան քաղաքական գիտակցության, որքան ժողովրդի զգացմունքային վերաբերմունքի արդյունք։
Երբ ասվում է, որ գործող կառավարությունից, առկա օրենսդրության շրջանակներում, կարելի է ազատվել խորհրդարանի կողմից