Այս էջը սրբագրված է


ԵԼՈՒՅԹ ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ 50-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏՈՒՄ

(25 մայիսի, 1994 թ.)

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի անուրանալի դերը նշանավորող այս հանդիսությունը պատմական իրադարձությունների բերումով համընկել է մեր նորանկախ պետության կերտման բախտորոշ ու շրջադարձային հանգրվանին։

Գիտությունն այսօր Հայաստանում կանգնած է նույն երկընտրանքների ու հիմնախնդիրների առջեւ, որոնց առջեւ կանգնած են հանրապետության տնտեսական եւ հասարակական հարաբերությունները, պետական եւ վարչական կառույցները։

Խորհրդային Միության փլուզմամբ խզվել են Ակադեմիայի ավանդական կապերը, վերացել կենտրոնացված պլանավորման եւ ֆինանսավորման համակարգերը, որ բնականաբար առաջացրել է լուրջ դժվարություններ եւ նույնիսկ հոռետեսական տրամադրություններ. Հուսանք՝ ժամանակավոր։

Ներկա դրությամբ Ակադեմիան եւ ընդհանրապես Հայաստանի գիտությունը փաստորեն կրում են այն բոլոր զրկանքները, որոնց ենթակա է մեր ողջ ժողովուրդը։ Մենք քաջ գիտակցում ենք, իհարկե, որ առկա պետական հատկացումները միանգամայն անկարող են բավարարելու գիտաշխատողների թեկուզ տարրական սոցիալական պահանջները եւ ապահովելու գիտության զարգացման բնականոն ընթացքը։ Միաժամանակ, սակայն, հարկ եմ համարում հավաստիացնել, որ պետու