Այս էջը սրբագրված է

Գիտնականների բանակն այսօր Հայաստանում արհեստականորեն բաժանված է երկու մասի, որոնցից մեկը ներկայացնում են դասախոսները, մյուսը՝ գիտաշխատողները։ Հուսանք, որ բուհական կրթության եւ ակադեմիական գիտության կազմա կերպիչների սերտ համագործակցությունը ժամանակի ընթացքում կշտկի այս անբնական վիճակը։

Ես կուզեի շոշափել եւս մեկ հարց, որը թեեւ վերաբերում է Ակադեմիայի ներքին կանոնադրությանը եւ այդ պատճառով դուրս է իշխանությունների իրավասության շրջանակներից, բայց որի արծարծումը, կարծում եմ, արդարացված է հոբելյանական հանգամանքով։ Ժամանակը չէ՞, արդյոք, լրջորեն մտածել ակադեմիական կոչումների միասնականացման մասին, վերացնելով Ակադեմիայի թղթակից-անդամի հնացած եւ իր նախնական իմաստից զրկված աստիճանը։ Չէ՞ որ ակնհայտ է, որ դա մեծապես կնպաստեր ակադեմիական կառույցի ամրապնդմանն ու գիտական մթնոլորտի առողջացմանը։

Այս հասունացած հարցն, իհարկե, պետք է լուծվի ոչ թե կամային որոշմամբ, դեկրետով, այլ Ակադեմիայի կանոնադրության կատարելագործման ճանապարհով կամ, ինչո՞ւ չէ, թերեւս ավելի ժողովրդավարական ձեւերով, ենթադրենք՝ Ակադեմիայի բոլոր գիտաշխատողների հանրաքվեի միջոցով։

Հոբելյանի առիթով, կարծում եմ, թերեւս ավելորդ չէ թեկուզ մի քանի թռուցիկ խոսքով անդրադառնալ նաեւ Ակադեմիայի նկատմամբ Հայաստանի պետության ու հասարակության հրատապ ակնկալիքներին։

Այս առումով ուզում եմ ձեզ հիշեցնել Հանրապետության Նախագահի՝ 1993թ. մարտի 9-ի հրամանագրի հետեւյալ կետը. «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան հանրապետության իշխանությունների պաշտոնական գիտական խորհրդատուն է, որի կողմից ներկայացված երաշխավորություններն ու առաջարկությունները ենթակա են պարտադիր քննարկման պետական կառավարման համապատասխան մարմինների կողմից»։

Ո՛չ ամենեւին քննադատության նպատակով, այլ սոսկ արձանագրության կարգով, կարծում եմ, ստիպված ենք համաձայնել, որ Ակադեմիան, ըստ էության, այս հանձնառությունը առայժմ չի ստանձնել։