Այս էջը սրբագրված է

նաեւ [1] քաղաքացիական պատերազմից։ Ենթադրում եմ, որ առանձնապես կարիք չկա լուսաբանելու այդ վտանգը, որովհետեւ նրա լավագույն լուսաբանությունը ներկա իրադրությունն է. ակնհայտ է, որ թե՛ Հայաստանում, թե՛ նախկին Միության մյուս հանրապետություններում տիրող ներքաղաքական լարվածությունը մեծապես արդյունք է այն պարզ իրողության, որ սահմանադրություններն ու օրենքները չեն ապահովում ճգնաժամային իրավիճակների օրինական ելքերը։ Սահմանադրական հանձնաժողովի նախագծում, ըստ իս, այդ խնդիրը լիովին հաղթահարված է։ Մասնավորապես՝ բացառված է կառավարության ներկայացրած կարեւորագույն օրենքների, այդ թվում՝ պետական բյուջեի ընդունման վիժեցումը, ի հակակշիռ որի հեշտացված է կառավարությանն անվստահություն հայտնելու կարգը։ Մանրամասն մշակված է ծանր հանցագործություն կատարելու դեպքում Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մեխանիզմը։ Եւ վերջապես, որպես ճգնաժամային իրավիճակի հաղթահարման ծայրահեղ միջոց՝ նախատեսված է Ազգային ժողովի արձակման եւ արտահերթ ընտրությունների նշանակման հնարավորությունը։ Կարեւոր է այս առումով նշել նաեւ, որ Ազգային ժողովն ու Հանրապետության Նախագահը հավասարապես օժտված են հանրաքվե նշանակելու բացառիկ իրավունքով, որը հնարավորություն է ապահովում խուսափել անհարկի առճակատումներից եւ ծագած հակասությունները հանձնել ժողովրդի դատին։

Բոլոր քննարկված սկզբունքները, սակայն, որոնք դժվար թե լուրջ առարկությունների տեղիք տան, առայժմ կիրառված են միայն թղթի վրա, եւ հասկանալի է, որ նրանց իրական գործադրումը դեռեւս կապված է մեծ դժվարությունների հետ։ Այստեղ մենք կրկին բախվում ենք Սահմանադրության ընդունման կարգին վերաբերող չարաբաստիկ խնդրին։ Ընկած ստալինա-բրեժնեւյան Սահմանադրության նվաստացուցիչ ծուղակը՝ մի՞թե մեր մեջ ուժ չենք գտնելու կտրել գորդյան հանգույցը։ Կասկած կա՞, արդյոք, որ խորհրդարանի կողմից Սահմանադրության ընդունման դեպքում բոլոր նշված սկզբունքները ենթարկվելու են քաղաքական կոնյունկտուրայի պահանջներին՝ դանդաղ գործողու

  1. Տպագրում բացակայող «ինչո՞ւ չէ՝ նաեւ» բառերը լրացնում ենք ըստ պաշտոնական սղագրության։