թյան ռումբ տեղադրելով մեր պետության հիմքում։ Ուստի հարկադրված եմ նորից ու նորից կրկնել, որ ստեղծված քաղաքական իրադրության պայմաններում պետության կայունության հուսալի երաշխիքը կարող է լինել միայն ժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունված Սահմանադրությունը, պայմանով, որ նրա հետագա փոփոխությունները նույնպես կատարվեն միայն հանրաքվեի միջոցով։
Իսկ այժմ Սահմանադրական հանձնաժողովի նախագծի բուն բովանդակության էական կողմերի մասին։
Նախ եւ առաջ հարկ է անմիջապես նշել, որ տվյալ նախագծում նախատեսված է պահպանել հանրապետության կառավարման նախագահական համակարգը։ Հարկ է նշել անմիջապես, քանի որ, ըստ էության, սա է Սահմանադրության շուրջ ընթացող բուռն բանավեճերի հիմնական առարկան։ Եւ այս դրությունը լիովին հասկանալի է, քանի որ Սահմանադրության ճակատագիրը վերջին հաշվով կախված է այն հարցից, թե կառավարման ինչպիսի համակարգ պետք է որդեգրի Հայաստանի Հանրապետությունը՝ նախագահական, թե՞ խորհրդարանական։ Նաեւ միանգամայն որոշակի է, որ այս հարցի շուրջ կոնսենսուսի ձեռքբերման դեպքում Սահմանադրության ընդունման կարգը կվերածվի զուտ տեխնիկական եւ հեշտ լուծելի խնդրի։
Ընդունելով հանդերձ տվյալ երկընտրանքի առկայության լրջությունն ու հիմնավորվածությունը, ես միանգամայն խոտելի եմ համարում այն էժանագին ամբոխավարական հնարքը, որով փորձ է արվում նախագահական համակարգը ներկայացնել որպես բռնապետական, իսկ խորհրդարանականը՝ որպես ժողովրդավարական վարչաձեւ։ Համենայն դեպս, պատմության փորձը ցույց է տվել, որ խորհրդարանական հանրապետություններից ավելի հաճախ են բռնապետություններ ու նույնիսկ[1] ֆաշիստական վարչակարգեր ծնվել, քան նախագահական հանրապետություններից։
- ↑ Տպագրում բացակայող «նույնիսկ» բառը լրացնում ենք ըստ պաշտոնական սղագրության։