Այս էջը սրբագրված է

վարարվել միայն մի քանի հիմնական դրույթների մատուցմամբ, որոնք թեեւ կարող են ձեզ համար որեւէ նորություն չպարունակել։ Այս կապակցությամբ, նախ, նորից ստիպված եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի կեղծ մտավարժանքի վրա, որով փորձ է արվում նախագահական կամ խորհրդարանական համակարգերից մեկի նախընտրումը վերածել ազգային, հոգեբանական գործոնի։ Հաճախ կարելի է լսել. «մեր ազգային նկարագրին կամ մեր ազգային հոգեբանությանն ավելի համապատասխանում է խորհրդարանական, քան նախագահական համակարգը» եւ հակառակ հայտարարությունները, որոնց հիմնազրկությունը ակնհայտ է առաջին իսկ հայացքից։

Նախագահական կամ խորհրդարանական համակարգերից մեկի նախընտրումը իրականում կապված է ոչ թե ազգային կամ հոգեբանական գործոնների, այլ պետական ավանդույթների, քաղաքացիական հասարակության զարգացման մակարդակի, ժողովրդավարական ինստիտուտների ձեւավորման աստիճանի հետ։ Ուստի հարցի քննարկումը կարող է իմաստալից դառնալ միայ ն այս տեսանկյունով եւ միասնական մեթոդոլոգիական ելակետ սահմանելու պայմանով։

Իսկ այդ միասնական տեսակետն, իմ կարծիքով, հանգում է հետեւյալին. պետականության եւ հասարակության զարգացման կոնկրետ կտրվածքում կառավարման նախընտրելի համակարգը որքանով է ի վիճակի ապահովելու օրենսդիր եւ գործադիր իշխանությունների արդյունավետ ու անխափան գործունեությունը եւ երրորդ՝ դատական իշխանության անկախությունը։

Մինչեւ այդ հարցի քննարկմանն անցնելը, սակայն, ըստ երեւույթին, արժե պարզել, թե որն է կառավարման նախագահական եւ խորհրդարանական համակարգերի էական, սկզբունքային տարբերությունը։ Խոսքն ամենեւին տերմիններին չի վերաբերում. պետությունը կարող էունենալ խորհրդարանի կողմից կամ նույնիսկ համաժողովրդական քվեարկությամբ ընտրված Նախագահ, բայց իրականում չլինել նախագահական։ Ամբողջ հարցն, ըստ էության, այն է, թե իշխանության ո՛ր մարմինն է ձեւավորում կառավարությունը. եթե դա կատարում է Նախագահը, ապա մենք գործ ունենք զուտ նախագահական համակարգի հետ, իսկ եթե նշված իրավունքը վերապահված է խորհրդարանին, ապա տվյալ հանրապետությունը խորհրդարանական է՝ անկախ այն բանից՝