Այս էջը սրբագրված է

Իսկ Սահմանադրական դատարանի հիմնական իրավասությունն է՝ որոշել օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի համապատասխանությունը Սահմանադրությանը։ Սահմանադրական դատարանի անկախության ամենացայտուն վկայությունն է այն, որ նրա որոշումները վերջնական են եւ վերանայման ենթակա չեն, ինչը բացառում է նրա նկատմամբ ճնշում գործադրելու որեւէ հնարավորություն թե՛ Հանրապետության Նախագահի, թե՛ Ազգային ժողովի կողմից։

Սահմանադրական հանձնաժողովի նախագծի ամենալուրջ նվաճումներից մեկը պետք է համարել նա եւ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերին վերաբերող գլուխը, որի էությունը հրաժարումն է տարածքային ինքնակառավարման՝ Հայաստանի համար անհարիր գաղափարից։

Առաջին հայացքից ապշեցուցիչ թվացող այս նորամուծությունը, սակայն, հիմնված է մեր երկրի առանձնահատկություններից բխող եզակի իրականության եւ կուռ փաստարկների վրա։

Վարչատարածքային միավորների ձեւավորումը, որպես կանոն, արդյունք է ավատական մասնատվածության հետեւանքով առաջացած պատմական գործընթացների կամ բազմազգ պետությունների բնակչության տեղաբաշխումից բխող բաժանումների։ Չի կարելի բացառել, իհարկե, որ վարչատարածքային միավորների ձեւավորման գործում որոշ դեր են խաղացել նաեւ աշխարհագրական եւ տնտեսական գործոնները։ Բոլոր դեպքերում, սակայն, վճռորոշը պատմական եւ էթնիկական գործոններն են եղել, մանավանդ որ տնտեսաաշխարհագրական միավորները շատ հաճախ համընկել են ավատական կամ էթնիկական տիրույթների սահմաններին։

Տարածքային ինքնակառավարումն , այսպիսով, թեկուզ ամենաժողովրդավարական երկրներում, ոչ թե բխում է համապետական շահերից կամ կառավարման նպատակահարմարությունից, այլ պարզապես պահպանվում է որպես պատմական բեռ, որը երբեմն հանգեցնում է պետական եւ տեղական շահերի լուրջ բախումների։ Տարածքային ինքնակառավարումը՝ օժտված յուրահատուկ տեղական շահերով, սեփական բյուջեով եւ այլ առանձնաշնորհումներով, անխուսափելիորեն իր խորքում պարունակում է ֆեդերացիայի տարր, որն անհարիր է ունի