ԽՈՍՔ՝ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ Ն.Ս.Օ.Տ.Տ. ՎԱԶԳԵՆ Ա-Ի ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ՝ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Սիրելի հայրենակիցներ,
Մեծարգո հյուրեր,
Այսօր սգացող հայ ժողովուրդը հայրենյաց սուրբ հողին է հանձնում եւ դեպի երկնային արքայություն ճանապարհում իր ամենամեծ երախտավորներից մեկին՝ Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսին։
Վեհափառ հայրապետի շուրջ քառասնամյա գահակալությունը, որ համընկավ ստալինյան բռնապետության թոթափման, մտքի ազատագրման ու մարդկային արժեքների վերականգնման տառապագին տարիներին, եղավ համակ նվիրումի, եկեղեցական բարեշինության եւ ազգային զարթոնքի լիապարփակ ժամանակաշրջան։
Եւ թեեւ այդ ժամանակաշրջանում մակընթացություններին հաջորդեցին նաեւ տեղատվություններ, ձեռնարկվեցին մտքի ու խղճի ազատության նորանոր սահմանափակումներ, բորբոքվեցին անհարկի ներեկեղեցական տարաձայնություններ, բայց Վեհափառ հայրապետը, միշտ գտնվելով Ամենայն հայոցի բարձրության վրա, իր իմաստուն եւ հավասարակշռված գործունեությամբ, անվրեպ ձեռնարկներով ու ծանրակշիռ խոսքով կարողացավ Եկեղեցին ու իր հոտը հեռու պահել աղետալի փորձություններից եւ անվերականգնելի կորուստներից։