Դրա համար պահանջվում էր, իհարկե, երկաթյա կամք, ծով համբերություն, խոր իմաստություն ու հեռատեսություն՝ հատկանիշներ, որ նախախնամությունը, բարեբախտաբար, Վեհափառին չէր զլացել։
Հասուն կյանքի ավելի քան յոթանասուն երկարուձիգ տարիների ընթացքում զգայասիրտ հայրապետը լիովին կիսեց իր ժողովրդին բաժին ընկած բոլոր տառապանքները եւ հայրենասիրական պարտքի ու հովվապետական պատասխանատվության բարձր գիտակցությամբ ջանաց ամոքել նրա ցավերը, թեթեւացնել նրա բազմազան հոգսերը։
Վազգեն Վեհափառը, սակայն, բախտն ունեցավ նաեւ վայելելու իր ժողովրդի տարած հաղթանակները, հրճվելու նրա հաջողություններով, վերապրելու զանգվածային ներգաղթի ոգեւորությունը, մասնակցելու ետպատերազմյան Հայաստանի շենացմանը, ականատեսն ու նեցուկը լինելու արցախահայության հերոսամարտի եւ ողջունելու Հայոց պետականության վերականգնումը։
Երիտասարդական ավյունով նա լծվեց նորանկախ հանրապետության ամրապնդման սրբազան գործին՝ այն վեր դասելով մնացյալ բոլոր ժամանակավոր ու անցողիկ խնդիրներից, անչափ ոգեւորվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման գաղափարով եւ իր անձնական օրինակով ու անմիջական մասնակցությամբ քաջալերեց նրա հաջող ընթացքը։
Չնայած երկրի ներկա տխուր իր ավիճակին, առկա հսկայական դժվարություններին, սոցիալ-տնտեսական ծանր խնդիրներին՝ Վեհափառ հայրապետը, օժտված լինելով հիմնականն ու երկրորդականը, անցողիկն ու մնայունը զանազանելու բացառիկ շնորհով, մինչեւ վերջին շունչը մնաց լավատես՝ հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության ապագայի նկատմամբ։
Հայ Առաքելական Եկեղեցու 1700-ամյա պատմության մատյանում Վազգեն Վեհափառը երջանկությունն ունեցավ դասվելու հազվագյուտ կաթողիկոսների շարքը, ովքեր իրենց ազգին ծառայեցին Հայոց անկախ պետականության գոյության պայմաններում՝ դրանով հնարավորություն ձեռք բերելով բազմապատկել ու հովվապետական գործունեության արդյունքները։ Վեհափառն այսպիսով իր անձնական օրինակով եւս մեկ անգամ հաստատեց ազգի բնականոն գոյության երկու ան