հակամարտության կարգավորմամբ, որքան նրա հետ կապ չունեցող սեփական հաշիվներ ու հարաբերություններ պարզելով. այսինքն՝ նրանց հետաքրքրում է ոչ թե պատերազմի դադարեցումը, այլ դրա հետեւանքով առաջացող նոր իրավիճակն Անդրկովկասում։
Իսկ մեզ համար, ինչպես արդեն առիթ ունեցել ենք հայտարարելու, կարեւոր է ոչ թե այն, թե ով է խաղաղություն հաստատելու Լեռնային Ղարաբաղում, այլ այն, թե որքան արագ է հաստատվելու այդ խաղաղությունը, այլապես հիշյալ տարաձայնությունների շուրջ ընթացող անվերջ բանակցությունները կարող են վտանգել առկա փխրուն զինադադարը, որի ամրապնդման համար միջազգային հանրությունն առայժմ ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկել։
Հուսով եմ, սակայն, որ առաջիկայում այդ հակասությունները վերջապես կվերանան, եւ միջազգային հանրությունը, ներդաշնակելով բոլոր միջնորդական ջանքերը, հանդես կգա Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղության հաստատման միասնական ծրագրով, որի էությունը հավանաբար կլինի հետեւյալ բանաձեւը. Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի բաժանարար ուժեր (թերեւս նաեւ մի քանի այլ երկրների ուժերի խորհրդանշական մասնակցությամբ), գումարած՝ ԵԱՀԽ-ի եւ ՄԱԿ-ի դիտորդներ, գումարած՝ ՄԱԿ-ի մանդատ։
Համենայն դեպս, առայժմ մոտավորապես այս լուծումն է ենթադրում ընթացող բանակցությունների եւ դիվանագիտական շփումների տրամաբանությունը։
Ինչ վերաբերում է երկրորդ՝ Հայաստանի տնտեսական վիճակի բարելավման խնդրին, ապա այստեղ էլ առկա են ակնհայտ եւ հուսադրող կայունացման միտումներ, որոնք արտահայտվում են Անկախության երրորդ տարվա ընթացքում արձանագրված հետեւյալ իրողություններով.
- սկսած 1993թ. հունիս ամսից՝ կասեցված է տնտեսական նախընթաց անընդհատ անկումը,
- ամսեամիս ապահովվել է արտադրության ծավալների թեկուզ դանդաղ, բայց պարբերական աճ,
- աշխուժացել է արտաքին առեւտուրը, մեծացել են արտահանումների եւ ներմուծումների ծավալները,
- համակարգվել է բեռնափոխանակումների իրականացումը,
- սանձվել է արժեզրկումը, կայունացել դրամի կուրսը,