Հայաստանի՝ որպես պանթուրքիզմի ծրագրի իրականացումը խափանող եւ դրանում Ռուսաստանի շահերին ծառայող գործոնի ըմբռնումը Հայկական հարցը կրկին ներքաշում է միջազգային քաղաքական հարաբերությունների բարդ ոլորտը, որ հղի է մեր ժողովրդի ճակատագրի համար վտանգավոր հետեւանքներով։
Թեեւ պանթուրքիզմը, որպես գաղափարախոսություն, ապրելով իր ծաղկումը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, ներկայումս փաստորեն կորցրել է քաղաքական գործոնի իր բովանդակությունը, քանի որ թուրքալեզու ժողովուրդները բռնել են ազգային զարգացման ուղին, նրա դեմ ուղղված խաչակրանքի կոչերը ընդունակ են այն նորից վերածելու քաղաքական գործոնի, եւ Հայաստանը դարձնելու պանթուրքիզմի, պանիսլամիզմի թիրախ։
Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն, ավելի քան մեկ տարի գլխավորելով համաժողովրդական Շարժումը, սկզբից ի վեր մերժել է օտար հովանավորի վրա հույս դնելու եւ պանթուրքիզմը որպես մշտական սպառնալիք դիտելու վնասակար մտայնությունը եւ հետեւողականորեն կենսագործել է քաղաքական այն սկզբունքը, որ հայ ժողովուրդն իր ազգային իղձերին հասնելու համար պետք է ապավինի միայն ու միայն սեփական ուժերին։ Քաղաքական այդ ուղին արդեն տվել է իր ակնհայտ դրական արդյունքները, եւ արցախյան խնդիրը մերժման, բռնադատման փուլից դուրս է բերվել լուծման փուլ։
Իր արդարացի, սահմանադրական պայքարի շնորհիվ հայ ժողովուրդը ձեռք է բերել բազմաթիվ դաշնակիցներ՝ ի դեմս միջազգային հասարակական կարծիքի, Մոսկվայի, Լենինգրադի, Մերձբալթյան հանրապետությունների եւ այլ դեմոկրատական ուժերի։ Դա նախ եւ առաջ հայ ժողովրդի համազգային շարժման շոշափելի նպաստի գնահատումն է Խորհրդային Միության դեմոկրատացման պրոցեսում եւ երկրորդ՝ արցախյան խնդրի արդարացի լուծման միակ գրավականը, որը մենք պարտավոր ենք փայփայել աչքի լույսի պես։
Գիտակցելով այս իրողությունը՝ արցախյան խնդիրը փակուղու առաջ կանգնեցնել ձգտող ուժերը հայ ժողովրդի դեմ նյութել են մի ահավոր դավ, որին այսօր, կամա թե ակամա, մասնակցում են որոշ հայ մտավորական գործիչներ։ Պանթուրքիզմի վտանգի, Թուրքիայի կողմից նվաճված հայկական տարածքների խնդրի արծարծումն այս