20-ական թվականների համալսարանն, ահա, հիմնված լինելով հազարամյա հայ մշակույթի էությունը կազմող այս առողջ արմատների վրա, հաստատուն մտադրությամբ ու գործնական քայլերով նախանշեց մայր հունը, որով պետք է ընթանար արդի հայ գիտության եւ բարձրագույն կրթության բնականոն զարգացումը։
Հետագայում, սակայն, այդ հունը ենթարկվեց լուրջ ձեւախեղումների, որոնց հետեւանքով նախ խափանվեց անմիջական ու համընթաց հաղորդակցությունը արտաքին աշխարհի գիտական նվաճումներին, իսկ այնուհետեւ գրեթե լիովին խզվեց նաեւ համալսարանական կրթության կապը միջնադարյան հայ մշակույթի ժառանգության հետ։
Վուլգար-մատերիալիզմի համատարած տիրապետությունը ծանր հարված հասցրեց հատկապես հումանիտար գիտություններին՝ փիլիսոփայությանը, պատմությանը, տնտեսագիտությանը, իրավաբանությանը, գրականագիտությանը, արվեստաբանությանը, լեզվագիտությանը, մանկավարժությանը։ Այդ հարվածից, սակայն, զերծ չմնացին անգամ բնական եւ ճշգրիտ գիտությունները, մասնավորապես գենետիկան եւ կիբեռնետիկան։
Համալսարանը չխուսափեց նաեւ մեր ժողովրդին բաժին ընկած դառը ֆիզիկական փորձություններից. հարյուրավոր դասախոսներ ու ուսանողներ զոհ դարձան ստալինյան բռնապետության գիշատիչ հալածանքի։ Հարյուրավորներ էլ, կատարելով իրենց հայրենասիրական պարտականությունը, կյանքը տվին Երկրորդ համաշխարհային պատերազմի ճակատներում։
Այնուամենայնիվ, հակառակ գաղափարախոսական բնույթի այդ աղետալի ծայրահեղություններին եւ ամբողջատիրական վարչակարգի բիրտ ճնշմանը, Երեւանի պետական համալսարանը 75 տարի շարունակ պատվով կատարեց պետական, գիտական եւ մանկավարժական կադրերի պատրաստման ազգաշահ խնդիրը, միշտ մնալով հանրապետության մայր բուհի բարձրության վրա՝ հաստատություն, որից աստիճանաբար ճյուղավորվելով, փաստորեն, ձեւավորվեց Հայաստանի բարձրագույն կրթության ողջ համակարգը։
Բացի զուտ գիտակրթական գործունեությունից, համալսարանն այդ տարիներին աչքի ընկավ եւս մի կարեւոր առաքելությամբ՝ դառնալով հանրապետության հասարակականան֊քաղաքական կյանքի ոչ ֆորմալ