Այս էջը սրբագրված է


ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ՝ ԱՄԱՆՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵՄՈՒՏԻՆ

(31 դեկտեմբերի, 1994 թ.)

Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ ուզում եմ անհուն գոհունակությամբ նշանավորել հետեւյալ ուշագրավ իրողությունը. վերջին հինգ տարիների ընթացքում սա առաջին Ամանորն է, որ մեր ժողովուրդը դիմավորում է խաղաղության պայմաններում. սահմաններում անդորր է, Արցախը՝ ամուր ու արթուն։ Կա՞ արդյոք ավելի ցանկալի ու ավելի թանկագին ակնթարթ, երբ ոչ մի զինվոր չի զոհվում, երբ ոչ մի մայր չի մտահոգվում խրամատում գտնվող որդու ճակատագրով։

Ահա սա է անցած տարվա երկնաշնորհ պարգեւը, որի առաջ մնացյալ ամեն ինչ խամրում է, դառնում չնչին ու երկրորդական։

Խաղաղությունը նվաճվեց արցախահայ քաջորդիների գերմարդկային սխրագործության ու սուրբ արյան գնով, ղարաբաղյան պատերազմի ամենասաստիկ հանգրվանում, որը համընկավ 1993–1994 թվականների ձմռան ամիսներին։

Մայիսը բերեց անդորրություն, մայիսը կրկին Ղարաբաղի հարցը մտցրեց քաղաքական կարգավորման հունի մեջ։ Մայիսին կնքված զինադադարից հետո Արցախն այլեւս բոլոր բանակցություններում հանդես եկավ որպես հակամարտության ճանաչված կողմ՝ ըստ այդմ հնարավորություն ձեռք բերելով նաեւ դիվանագիտական ճակատում պաշտպանելու իր իրավունքները։

Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացը նոր փուլ մտավ Եւրոպայի անվտանգության եւ համագոր