ՏԱՐԵԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏՈՒՄ
Մեծարգո նախագահ,
Մեծարգո պատգամավորներ,
Ինձ համար բավականին հեշտ ու հաճելի է խոսել 1994 թվականի մասին, որովհետեւ այն հիրավի դարձավ անկախության ժամանակաշրջանի առաջին անցնցում տարին՝ միաժամանակ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական տեսակետներից։
Իրողության ակնհայտությունն ապացուցման կարիք չունի, եթե հիշելու լինենք նախորդ տարիների փոթորկահույզ իրադարձությունները։ Այսպես. 1991 թվական. - Գետաշենի, Շահումյանի եւ Հադրութի շրջանների հայկական գյուղերի տեղահանությունը, - օգոստոսյան պետական հեղաշրջումը։
1992 թվական. - գարնանային հաջողություններին հաջորդած ռազմական պարտությունները Շահումյանում, Մարտակերտում, Արծվաշենում, - Աբխազական երկաթուղու խափանումը։
1993 թվական. - ռուբլու գոտու քայքայմամբ պայմանավորված ֆինանսական ճգնաժամը, - հայ-ռուսական հարաբերություններում ծագած ժամանակավոր թյուրըմբռնումը։