1994 թվականը թեեւ նույնպես սկսվեց չափազանց ծանր պայմաններում՝ կապված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ծավալած լայնամասշտաբ հարձակման եւ ազգային դրամի ներդրման բնական դժվարությունների հետ, սակայն գարնան վերջում այս երկու խնդիրներն էլ արդեն հիմնովին հաղթահարված էին։
Դրանից հետո հանրապետությունը փաստորեն մտավ սոցիալ-տնտեսական կայունացման բնականոն ընթացքի մեջ, որ շարունակվում է մինչեւ օրս։ Ոչ մի հիմք չկա կասկածելու, որ այս դրական միտումը կպահպանվի նաեւ առաջիկայում։ Այսինքն, մենք գործ ունենք արդեն ոչ թե պատահական, անբացատրելի, ժամանակավոր երեւույթի, այլ հիմնավոր հասարակական-քաղաքական եւ սոցիալ-տնտեսական գործընթացի հետ, որ հետեւանք է հանրապետության օրենսդիր եւ գործադիր իշխանությունների առերեւույթ դժվարըմբռնելի, բայց իրականում նպատակասլաց գործունեության։ Իսկ թե ինչո՞ւ դժվարըմբռնելի՝ դա պետք է համարել պետական քարոզչության տկարության արդյունքը, որի մասին պետք է լրջորեն մտածեն համապատասխան մարմինները։
Խորհրդարանն անցյալ տարի բազմաթիվ հնարավորություններ է ունեցել ծանոթանալու Հանրապետության Նախագահի եւ վարչապետի՝ երկրի համար կարեւորագույն հետաքրքրություն ներկայացնող հարցերին նվիրված ելույթներին, ուստի ավելորդ եմ համարում այսօր կրկին մանրամասնորեն անդրադառնալ դրանց։ Հիշեցման կարգով նշեմ միայն, որ 1994 թվականին խորհրդարանի առջեւ ես հանդես եմ եկել չորս անգամ՝ սեփականաշնորհման տարեկան ծրագրի, Սահմանադրության ընդունման կարգի, Սահմանադրության մշակված տարբերակների եւ կառավարության ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների պատրաստած տնտեսական ծրագրի քննարկումների ժամանակ։
Խուսափելով մանրամասներից, ես այժմ կփորձեմ ներկայացնել ու գնահատել անցյալ տարվա հատկանշական ուրվագծերը՝ կանգ առնելով մասնավորապես երեք կարեւորագույն խնդիրների վրա, որոնք են.
ա) Լեռնային Ղարաբաղում հաստատված երկարատեւ զինադադարն ու ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական կարգավորման բնականոն զարգացումը,
բ) հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացման հարաճուն միտումները,