գ) միջազգային ֆինանսական կազմակերպությունների երկար ակնկալված աջակցության ապահովումը։
1994 թվականի ամենանշանակալից իրադարձությունն, անշուշտ, ութամսյա զինադադարն է՝ ամենաերկարատեւն ու ամենակայունը ղարաբաղյան պատերազմի ողջ պատմության ընթացքում։ Ռուսաստանի եւ ԵԱՀԽ-ի միջնորդական ջանքերի, ինչպես նաեւ հակամարտող կողմերի քաղաքական կամքի դրսեւորման արդյունք հանդիսացող այս զինադադարի նշանակությունը, սակայն, ըստ իս, թե՛ նախադրյալների եւ թե՛ մանավանդ հետեւանքների տեսակետից առայժմ ըստ արժանվույն չի գնահատված։
Զինադադարի կայացման փաստը բոլորովին անհասկանալի կմնա, եթե նկատի չառնվի նրան նախորդած շուրջ հնգամսյա ռազմական իրադրությունը՝ ամենաթեժն ու ամենաարյունահեղը ղարաբաղյան հակամարտության ողջ ժամանակամիջոցում։
1993–1994 թթ. ձմռան ամիսներին Լեռնային Ղարաբաղի դեմ ողջ ռազմաճակատի գծով Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակումը հանդիսացավ արցախահայության ինքնապաշտպանական կարողությունների թեեւ դաժան, բայց համոզիչ քննությունը։ Երկարատեւ ու ծանր պաշտպանական մարտերից հետո ապրիլ ամսին անցնելով կտրուկ հակահարձակման՝ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը լիովին վերականգնեցին նախորդ տարվա աշնանը ձեւավորված ստատուս-քվոն՝ գումարած Մարտակերտի շրջանի մի շարք բնակավայրերի, այդ թվում՝ շրջկենտրոնի ազատագրումը։
Ադրբեջանական ուժերի ձմեռային ռազմարշավի ձախողումը եւ ռազմաճակատում ստատուս-քվոյի վերականգնումն, այսպիսով, հանդիսացան մայիսյան զինադադարի կայացման հիմնական նախադրյալները, որոնց առկայությունն, ինչ խոսք, մեծապես դյուրացրեց միջնորդ երկրների խաղաղարար առաքելությունը։ Զինադադարի փաստի մեջ, ըստ այդմ, միանգամայն տեղին է դիտել հակամարտող ուժերի կողմից խնդրի ռազմական լուծման անհեռանկարայնության ակամա խոստովանությունը՝ միտված աստիճանաբար վերածվելու հաստա