արդյունքի ձեռքբերումը պարտադրաբար գաղտնի է մնում։ Սա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլեւ մեզանից տասնյակ անգամ մեծ ու հզոր պետությունների։ Բոլոր քաղաքակիրթ երկրներում դիվանագիտական արխիվները բացվում են սովորաբար իրադարձություններից մի քանի տասնյակ տարիներ անցնելուց հետո։
Մեզանից պահանջում են, որ մենք այս դեպքում էլ հանդես գանք որպես օրիգինալ մի պետություն եւ մեր յուրաքանչյուր դիվանագիտական քայլ, յուրաքանչյուր բանակցություն անմիջապես ներկայացնենք հասարակայնությանը։ Բայց եթե մենք այդպես վարվեինք, մեր պետությունը, որ այսօր թեւակոխել է իր գոյության չորրորդ տարին, ժամանակի փորձությանը չորս ամիս անգամ չէր դիմանա։
Հասարակությունը դիվանագիտական գործընթացին հասու է լինում միայն էական տեղաշարժերի կամ որոշակի արդյունքների կայացման դեպքում։ Այսօր, օրինակ, բոլորիս աչքի առջեւ հարթվում է արաբա-իսրայելյան երկարատեւ հակամարտությունը. Իսրայելա- պաղեստինյան համաձայնագրով ստեղծվեց պաղեստինյան ինքնավարություն, կայացավ իսրայելա-հորդանանյան համաձայնությունը, հեռու չէ իսրայելա-սիրիական հաշտության կնքումը։ Բայց այս բոլոր արդյունքներին նախորդել է տասնյակ տարիների գաղտնի եւ տքնաջան դիվանագիտական աշխատանք, որի մասին ոչ ոք որեւէ մանրամասն չի իմացել մինչեւ դրանց կայացումը։
Այժմ էական տեղաշարժերի կամ որոշակի արդյունքների կայացման տեսակետից անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման դիվանագիտական գործընթացին, տեսնենք, թե իրականում ինչ պատկեր է տիրում այստեղ։
Ղարաբաղի հարցը միջազգայնացավ 1992թ. մարտի 24-ին՝ Հելսինկիում տեղի ունեցած ԵԱՀԽ-ի նախարարների խորհրդի հատուկ նիստում, որը որոշում կայացրեց Մինսկի կոնֆերանս հրավիրելու մասին՝ հիմնական նպատակ դնելով հակամարտության խաղաղ կարգավորումը եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի սահմանումը։ Դրանից հետո ընթացած բանակցությունների հարյուրավոր փուլերում, ԵԱՀԽ-ի եւ Մինսկի խմբի փաստաթղթերում եւ տասնյակ հայտարարություններում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերում, ինչպես նաեւ երկկողմանի եւ բազմակողմանի բարձր մակարդա