Այս էջը սրբագրված է

գագաթնաժողովը որոշում կայացրեց հակամարտության գոտում միջազգային խաղաղարար ուժեր տեղակայելու մասին, որը, փաստորեն, Ղարաբաղի խնդրի քաղաքական կարգավորման բոլորովին նոր փուլ է նշանավորում։

5. Բուդապեշտյան գագաթնաժողովը նաեւ վերջնականապես համադրեց ԵԱՀԽ-ի եւ Ռուսաստանի միջնորդական ջանքերը՝ հիմք ստեղծելով միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միասնական ծրագիր մշակելու համար, առանց որի խաղաղության գործընթացը, հասկանալի պատճառներով, դատապարտված է ձախողման։

Ահա սրանք են Լեռնային Ղարաբաղի հարցի դիվանագիտական կարգավորման շուրջ եռամյա գործընթացի հիմնական արդյունքները։ Եւ թող հարգարժան ընդդիմախոսները բարի լինեն ցույց տալ, թե որտեղ են մեր կրած դառը պարտություններն այս ասպարեզում։ Թե՞ պարզապես այլ են դիվանագիտական հաղթանակների կամ պարտությունների մասին մեր պատկերացումները։ Ես, համենայն դեպս, հիմքեր ունեմ ենթադրելու, որ իշխանության ընդդիմախոսների պատկերացումը դիվանագիտական հաղթանակի մասին կապված է հակառակորդի անվերապահ կապիտուլյացիայի դեպքում միայն հնարավոր հանգուցալուծման հետ, որը, սակայն, չափազանց հեռու է իրականությունից։ Այստեղ, թերեւս, տեղին է հիշել նաեւ հայ ժողովրդի նվաճած մեծագույն դիվանագիտական հաղթանակը՝ Սեւրի դաշնագիրը, որը սակայն պատճառ դարձավ Հայաստանի առաջին հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի կեսի կորստյան։ Թղթի վրա տարած նման հաղթանակներ, կարծում եմ, մեզ այլեւս պետք չեն։

Մենք պետք է ձգտենք մեր ողջ կարողությամբ կառուցողական մասնակցություն բերել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգային գործընթացին, կայուն խաղաղություն հաստատելու մտադրությամբ խստորեն պահպանել կնքված զինադադարը, միջազգային խաղաղարար ուժերի տեղակայման միջոցով ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը եւ լրջորեն նախապատրաստվել քաղաքական կարգավորման երկրորդ փուլի աշխատանքներին։