Այս էջը սրբագրված է
* * *

Նախորդ տարիներին կուտակված փորձը, ազգային դրամի ներդրման հետ կապված դժվարությունների հաղթահարումը, ինչպես նաեւ տարածաշրջանում հաստատված երկարատեւ զինադադարը 1994 թվականին իրենց բարերար ազդեցությունն ունեցան հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացման միտումների խորացման վրա։ Դրա արտահայտությունը հանդիսացան՝ տնտեսական աճի ապահովումը, դրամի կայունացումը, բյուջեի պակասորդի կրճատումը, սղաճի սանձումը, արտաքին առեւտրի աշխուժացումը, աղետի գոտում իրականացված շինարարությունը եւ այլն։

1994 թվականի հունվար – նոյեմբեր ամիսներին (դեկտեմբերի տվյալները դեռ ամփոփված չեն) հանրապետության տնտեսության զուտ նյութական արդյունքի կամ արտադրված ազգային եկամտի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 103,8 տոկոս, արդյունաբերական արտադրանքը՝ 104,8 տոկոս, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքը՝ 103,2 տոկոս։

Արտաքին առեւտրի ազատականացման եւ հանրապետության մաքսային մարմինների աշխատանքի բարելավման շնորհիվ 1994 թվականին զգալի չափով աճել են արտահանման եւ ներմուծման ծավալները, ըստ այդմ՝ 1993 թվականի հունվար – նոյեմբեր ամիսների համեմատությամբ արտահանման ծավալն աճել է 22,9, իսկ ներմուծմանը՝ 42,6 տոկոսով։

1994 թվականի հիմնական առանձնահատկություններից է նաեւ սղաճի էական զսպումը՝ որպես հետեւանք կոշտ, բայց հիմնավորված ֆինանսական քաղաքականության։ 11 ամիսների ընթացքում սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 55 անգամի դիմաց աճել է ընդամենը 11,6 անգամ։ Ի դեպ, հատկանշական է, որ սպառողական գների հիմնական աճը 1994 թվականին տեղի է ունեցել առաջին հինգ ամիսների ընթացքում՝ 7,68 անգամ, կտրուկ նվազելով հետագա ամիսներին եւ կազմել ով համապատասխանաբար հունիսին՝ 9 տոկոս, հուլիսին՝ 1,8 տոկոս, օգոստոսին՝ 3,7 տոկոս, սեպտեմբերին՝ 6,3 տոկոս, հոկտեմբերին՝ 11,3 տոկոս, նոյեմբերին՝ 14,8 տոկոս, այսինքն՝ նշված վեց ամիսների կտրվածքով աճելով ընդամենը 50,9 տոկոսով։