որոշում է ընդունվել 1185-ի սեփականաշնորհման վերաբերյալ։ Գնահատվել է 591 օբյեկտ, սեփականաշնորհման պայմանագիր է կնքվել միայն 266 օբյեկտի վերաբերյալ։ Նշված օբյեկտների սեփականաշնորհումից սեփականաշնորհման հատուկ հաշվին մուտքագրվել է շուրջ 455 միլիոն դրամ, որից 358-ը սեփականաշնորհման սերտիֆիկատներով, իսկ մնացած 97-ը՝ դրամով։
Սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման գործընթացը բնութագրվում է հետեւյալ թվերով. հաշվառված է 2 միլիոն 900 հազար քաղաքացի, որ կազմում է քաղաքացիների ընդհանուր թվի 75 տոկոսը։ Սեփականաշնորհման սերտիֆիկատ է ստացել մեկ միլիոն 780 հազար քաղաքացի, այսինքն՝ ընդհանուր թվի 47 տոկոսը։
Մասնակի անհատույց սեփականաշնորհման գործընթացում ընդգրկված 1400 ձեռնարկություններում տեղի են ունեցել աշխատավորական կոլեկտիվների առաջին ժողովները։ 1027 ձեռնարկություններում տեղի են ունեցել նաեւ բաժնետիրական ընկերությունների հիմնադիր ժողովները (երկրորդ ժողով)։ 931 ձեռնարկության գործեր ճյուղային հանձնաժողովներն ուղարկել են Սեփականաշնորհման եւ ապապետականացման պետական հանձնաժողովին՝ մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին որոշումներ ընդունելու նպատակով։ Սեփականաշնորհման եւ ապապետականացման պետական հանձնաժողովն իր հերթին կառավարության հաստատմանն է ներկայացրել 611 ձեռնարկության մասնակի անհատույց սեփականաշնորհման իր որոշումները։
1994 թվականը հաջող պետք է համարել նաեւ ձմռան նախապատրաստական աշխատանքների եւ աղետի գոտում, մասնավորապես Գյումրի քաղաքում իրականացված բնակարանային շինարարության տեսակետից։ Բավական է նշել, որ 1992 թվականի 29,6 եւ 1993 թվականի 31,1 հազար քառակուսի մետր բնակելի մակերեսի փոխարեն 1994 թվականին Գյումրի քաղաքում շահագործման է հանձնվել 52,9 հազար քառակուսի մետր տարածություն, այդ թվում բյուջեի հաշվին՝ 25,7, «Հայաստան» հիմնադրամի հաշվին՝ 18,8, իսկ Համաշխարհային բանկի վարկի հաշվին՝ 8,4 հազար քառակուսի մետր։ Տարվա կարեւոր կառույցների շարքում պետք է հիշել նաեւ Հերհերի ջրամբարի հանձնումը, Աշտարակի կամուրջը եւ Երեւանի կասկադի շարժասանդուղքը, ինչպես նաեւ Զանգեզուրի ճանապարհների վերականգնված հատվածները։