Ավելորդ չէ, թերեւս, նշել նաեւ, որ ի հեճուկս թերահավատների ու չարագուշակների, չարդարացան անցյալ տարվա դեկտեմբեր ամսին համընկած, ծրագրի իրականացման առաջին փուլի՝ մասնավորապես հացի գների բարձրացման հետ կապված խուճապային երեւույթների առաջացման մտացածին հաշվարկները՝ բացառությամբ բենզինի գների կտրուկ աճի, որը սակայն նույնպես արագորեն կարգավորվեց։
Չարդարացան նաեւ այն անհիմն մտավախությունները, թե միջազգային ֆինանսական կազմակերպությունները այս կամ այն պատրվակով կարող են չկատարել իրենց ստանձնած պարտավորությունները։ Ծրագրի գործադրումից անցել է ընդամենը մեկուկես ամիս, եւ Հայաստանի կենտրոնական բանկն արդեն ստացել է Միջազգային արժութային հիմնադրամի հատկացրած վարկը՝ ուղղված ազգային դրամի կայունացման նպատակին, իսկ երեկ դուք հաստատեցիք միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրած եւս երեք վարկ, որոնք ներդրվելու են հանրապետության ոռոգման եւ էներգետիկ համակարգերի վերանորոգման եւ «Զվարթնոց» օդանավակայանի բեռնահամալիրի կառուցման ծրագրերում։ Այսքանից հետո, կարծում եմ, կասկած չի կարող լինել, որ առաջիկայում որոշված ժամկետներում կտրամադրվեն նաեւ ծրագրով նախատեսված մյուս բոլոր վարկերը։
Այս ամենը հիմք է տալիս վստահություն հայտնելու, որ հանրապետության կառավարության եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների համատեղ ծրագրի հաջող իրականացման, համաշխարհային հանրության կողմից հատկացված վարկերի ճիշտ օգտագործման դեպքում 1995 թվականը իսկապես կարող է դառնալ բեկումնային տարի Հայաստանի տնտեսական վերականգնման եւ նրա հետագա զարգացման տեսակետից։
Իսկ այժմ մի քանի խոսք՝ օրենքների կատարման ընթացքի, պաշտոնական չարաշահումների կանխմանն ուղղված միջոցառումների, անօրինականությունների դեմ պայքարի ուժեղացման, իրավապահ մարմինների ֆունկցիոնալ կառույցների կատարելագործման մասին։