նաարժանի թեկնածուն, իմ կարծիքով, Կիլիկիո աթոռի հայրապետ Գարեգին Բ Վեհափառն է՝ անառարկելի հեղինակություն թե՛ Էջմիածնի, թե՛ Կիլիկիո աթոռի միաբանական շրջանակներում, ինչպես նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի հավատացյալ զանգվածներում։
Անձնական արժանավորությունից բացի, այս ընտրությունը, վստահ եմ, կարող է շրջադարձային դեր խաղալ Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետական միասնության վերականգնման, ինչպես նաեւ ավելի լայն առումով՝ Հայաստան – Սփյուռք հարաբերությունների կարգավորման հիրավի համազգային գործում։ Այսպիսի վստահության հիմք է տալիս, մասնավորապես, վերջին տարիներին, երջանկահիշատակ Վազգեն Վեհափառի հետ համագործակցաբար, Գարեգին կաթողիկոսի ծավալած նպատակասլաց գործունեությունը թե՛ Եկեղեցու միասնության վերականգնման, թե՛ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպման ուղղությամբ։
― Եթե, իհարկե, գաղտնիք չէ, ինչպե՞ս եք Դուք պատկերացնում Հայ Առաքելական Եկեղեցու միասնության վերականգնման գործընթացը։
― Չպետք է կարծել, անշուշտ, որ դա կարող է տեղի ունենալ միանգամից. Կիլիկիո աթոռը, որպես պատմական հաստատություն, թերեւս դեռ երկար ժամանակ կպահպանի իր գոյությունը, սակայն դրա հետ մեկտեղ՝ անվերապահորեն ընդունելով Էջմիածնի գերակայությունը եւ աստիճանաբար սահմանափակվելով իր նախնական եկեղեցական վիճակներում՝ Լիբանան, Սիրիա, Կիպրոս։ Բոլոր դեպքերում Գարեգին կաթողիկոսը հարմարագույն անձն է՝ այս դժվարին գործընթացը սկսելու ունակ, եւ հավատացած եմ, որ Հայ Եկեղեցու սպասավորները չեն կորցնի ընձեռված պատմական պատեհությունը։
«Հայաստանի Հանրապետություն», 8 մարտի, 1995 թ.։
Հարցազրույցը՝ Աշոտ Անտինյանի («Արմենպրեսի» տնօրեն)։
Հրատարակված՝ «Լեւոն Տեր-Պետրոսյան. «Ամենաարժանի թեկնածուն Գարեգին Բ Վեհափառն է» վերնագրով։