Այս էջը սրբագրված է


ԵԼՈՒՅԹ ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՄ՝ ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

(3 ապրիլի, 1995 թ.)

Վեհափառ Տեր,

Սրբազան եւ հոգեշնորհ հայրեր,

Ազգային եկեղեցական ժողովի մեծարգո պատգամավորներ,

Խորին հարգանքի եւ երախտագիտության որդիական տուրքը մատուցելով Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի լուսավոր հիշատակին, այսօր դուք գումարվել եք մասնակիցը դառնալու Եկեղեցու եւ ազգային կյանքի պատմական իրադարձության, որը վերջին վեց հարյուր տարիների ընթացքում առաջին անգամ տեղի է ունենում Հայոց անկախ պետականության գոյության պայմաններում։

Այս հանգամանքը եւ Ազգային եկեղեցական ժողովի աննախադեպ ներկայացուցչությունը ինքնին արդեն ամենապերճախոս ապացույցն են այն կարեւորության, որով դրոշմված է ձեր սուրբ առաքելությունը։

Ազգային եկեղեցական ժողովը կայանում է նորանկախ Հայոց պետականության ամրապնդման լավատեսություն ներշնչող մթնոլորտում։

Չնայած Հայաստանին բաժին ընկած դաժան փորձություններին եւ անհաղթահարելի թվացող դժվարություններին՝ մեր ժողովրդի դրսեւորած անօրինակ տոկունության, համբերության, աշխատասիրության, մարտունակության եւ բարձր պետական մտածողության շնորհիվ հանրապետությունը դուրս եկավ ճգնաժամային իրավիճակից՝ թեւակոխելով պետականության ամրապնդման, արցախյան խնդրի քաղաքական լուծման, տնտեսության կայունացման եւ զարգացման պատասխանատու հանգրվանը։