Այս էջը սրբագրված է

Ազգային ժողովի մեծարգո պատգամավորներդ, ըստ այդմ, բարեբախտությունն ունեք ձեր գործունեությունը հիմնելու նախորդ խորհրդարանի կատարած հսկայածավալ օրենսդրական աշխատանքի եւ կուտակած հարուստ փորձի վրա, դրանով իսկ հնարավորություն ունենալով ապահովելու խորհրդարանական գործունեության ժառանգականությունը, մանավանդ որ ձեզանից շատերը եղել են Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորներ։

Շուտով դուք կհաստատեք ձեր օրենսդրական գործունեության քառամյա ծրագիրը, որի էությունն է լինելու Սահմանադրությամբ նախատեսված օրենքների փաթեթի ընդունումը։ Իհարկե, այսօր դեռեւս վաղ է խոսել ողջ փաթեթի մասին, բայց թերեւս ավելորդ չէ ընդգծել օրենսդրական հրատապ կարգավորում պահանջող երկու բնագավառների առաջնահերթությունը։ Կարծում եմ, դժվար չէ գուշակել, որ խոսքը վերաբերում է տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման, ինչպես նաեւ դատական համակարգի բարեփոխման բնագավառներին, որոնց կարգավորմանն ուղղված օրենքները կոչված են ամբողջացնելու պետական իշխանության կառույցն երի վերջնական ձեւավորումը։

Անդրադառնալով ընտրությունների քաղաքական արդյունքներին՝ կուզեի ձեր ուշադրությունը հրավիրել մի քանի հանգամանքների վրա։ Ընտրությունների ամենակարեւոր, կարելի է ասել պատմական նշանակություն ունեցող արդյունքը, ես համարում եմ այն, որ Հայաստանը փաստորեն դարձավ նախկին կոմունիստական համակարգի երկրներից միակը, որտեղ կոմունիստները չկարողացան ռեւանշ վերցնել, ավելին՝ նրանք իրենց դիրքերը զգալիորեն զիջեցին անգամ նախորդ խորհրդարանում ունեցած ներկայության համեմատ։

Սա լրացուցիչ եւ թերեւս ամենապերճախոս ապացույցն է պատմական այն անհերքելի ճշմարտության, որ կոմունիստական գաղափարախոսությունը Հայաստանում ոչ թե հիմնված է եղել ազգային արմատների վրա, այլ բռնությամբ պարտադրվել է օտար ուժերի կողմից եւ ծառայել բացառապես նրանց նպատակներին։

Ընտրությունների երկրորդ կարեւոր արդյունքը ազատական-ժողովրդավարական աջ ուժերի համոզիչ հաղթանակն էր, որը նշանակում է. - կառավարության որդեգրած սոցիալ-տնտեսական ծրագրի իրականացման քաղաքական երաշխիք,