Այս էջը սրբագրված է


ԵԼՈՒՅԹ ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ 7-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

(23 դեկտեմբերի, 1995թ.)

Մեծարգո նախագահ,

Մեծարգո պատվիրակներ,

Ես առանձնակի հաճույքով եմ հանդես գալիս ՀՀՇ համագումարներում՝ դա դիտելով ընկերների ու համախոհների առջեւ պատասխանատվությունից բխող անկեղծ խոստովանության բնական միջավայրը։

Պատասխանատվությունը՝ պատասխանատվություն, սակայն այսօրվա իմ ելույթը ո՛չ հաշվետվություն է, ո՛չ էլ գործունեության ծրագիր։

Պարզապես ես ուզում եմ համառոտակի անդրադառնալ մի քանի հարցերի, որոնք շոշափում են ազգի եւ պետության կենսական շահերը՝ հետեւաբար մշտապես հուզելով մեր հասարակական միտքը։ Դրանք են. - Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատականը, - Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ներկա վիճակը, - Հայաստան – Սփյուռք հարաբերությունների առանձնահատկությունները, - Հայաստանում քաղաքական ինստիտուտների ձեւավորման, մասնավորապես ՀՀՇ եւ «Հանրապետություն միավորման» կառույցների ամրապնդման հեռանկարները։

Թեեւ հարցերը քիչ կարող են թվալ, բայց ես պատրաստվում եմ դրանց անդրադառնալ հանգամանորեն, ուստի խնդրում եմ լցվել համբերությամբ։