Այս էջը սրբագրված է

պակաս, երկխոսության մեխանիզմի անկատարություն, որոշակի շփոթիրոք գոյություն ունի։

Դա առաջին հերթին բացատրվում է Սփյուռքի առանձնահատկությամբ։ Հայաստանն իսկապես լուրջ դժվարություն ունի սփյուռքահայության կամքն արտահայտող խոսակից գտնելու հարցում, որովհետեւ Սփյուռքը չունի ոչ միայն որեւէ համասփյուռքյան ներկայացուցչական մարմին, այլեւ այդպիսիք գոյություն չունեն անգամ ներգաղութային մակարդակում։ Նման ներկայացուցչական մարմնի ստեղծումը, սակայն, ժամանակի հարց է, եւ վստահ եմ, որ այն երբեւէ իրականություն կդառնա։

Որոշակի շփոթ է առաջացնում նաեւ Հայաստանի Հանրապետությունում կրկնակի քաղաքացիության իրավունքի բացակայության փաստը՝ դիտվելով որպես սփյուռքահայության նկատմամբ խտրական վերաբերմունքի արտահայտություն կամ ավելի խիստ՝ որպես ազգի միասնությանը սպառնացող ահավոր վտանգ։ Այս գնահատականը ես նույնպես համարում եմ մոլորություն կամ չարամտություն։

Առաջին հայացքից կարող է իսկապես հիմնավոր թվալ այն հարցը, թե ինչն էր խանգարում՝ սփյուռքահայերին օժտել կրկնակի քաղաքացիության իրավունքով։ Չէ՞ որ դրանով կխորհրդանշվեր ազգի միասնությունը։

Իրականում, սակայն, դա իսկապես կունենար միայն խորհրդանշական նշանակություն։ Հոգեբանական առումով, թեեւ, այդ նշանակությունն անգամ չպետք է թերագնահատել, բայց մենք պարտավոր էինք հարցին մոտենալ պետականության ամրապնդման գործնական նկատառումներով։

Նախ, ոչ մի սփյուռքահայ զրկված չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունքից, ավելին՝ նա ազատված է օտարերկրացիների համար սահմանված բոլոր պայմաններից։

Երկրորդ, բազմաթիվ երկրներում, որտեղ գոյություն ունեն հոծ հայկական գաղութներ, կրկնակի քաղաքացիությունն ինքնին արգելված է, ուստի այդ իրավունքը կունենար վերացական նշանակություն։

Երրորդ, կրկնակի քաղաքացիության ձեռքբերմամբ սփյուռքահայությունը շատ երկրներում կկորցներ իր քաղաքական ազդեցությունը՝ դիտվելով որպես օտար տարր։