Եւ չորրորդ, սփյուռքահայությանը կրկնակի քաղաքացիության իրավունք շնորհելու դեպքում նույն իրավունքը պետք է շնորհվեր նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որ հղի էր, սակայն, ազգային անվտանգությանն սպառնացող լուրջ հետեւանքներով։ Այսօր արդեն մենք ականատեսն ենք այն իրողության, որ Հայաստանի բազմաթիվ բնակիչներ, օգտվելով իրենց կրկնակի քաղաքացիության հանգամանքից, խուսափում են պետության նկատմամբ իրենց պարտավորությունների կատարումից, մասնավորապես զինապարտությունից։
Հայաստան – Սփյուռք հարաբերությունների ներկա վիճակն, այսպիսով, ո՛չ լուրջ անհանգստության, ո՛չ էլ առանձնակի ոգեւորության հիմք չի տալիս։ Այդուամենայնիվ, գիտակցելով այդ հարաբերությունների կարեւորությունը, Հանրապետության Նախագահի աշխատակազմում շուրջ մեկ տարի առաջ ստեղծվել է հատուկ աշխատախումբ, որում ընդգրկված են Հայաստանի եւ Սփյուռքի լավագույն մասնագետները։ Աշխատախմբի նպատակն է մշակել Հայաստան – Սփյուռք հարաբերությունների զարգացման համալիր ծրագիր եւ ձեւավորել նրա իրականացման համար անհրաժեշտ կառույցներ։ Աշխատախումբն արդեն կազմակերպել է մի շարք սեմինարներ եւ առանձին խորհրդակցություններ։ Առաջիկայում մեր հասարակությունը հնարավորություն կունենա ծանոթանալու կատարված աշխատանքի արդյունքներին։
Իսկ այժմ ուզում եմ անդրադառնալ իմ ելույթի վերջին հարցին. այն է՝ Հայաստանում քաղաքական ինստիտուտների ձեւավորման գործընթացին։
Հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրությամբ մենք փաստորեն ամրագրեցինք պետական եւ տնտեսական ինստիտուտների համակարգը, սահմանեցինք օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների լիազորություններն ու գործունեության ոլորտները, ինչպես նաեւ մասնավոր սեփականության, ազատ ձեռներեցության իրավունքները։
Սակայն պետության պարտքն է հոգալ ոչ միայն պետական ու տնտեսական կառույցների, այլեւ հասարակական եւ քաղաքական ինստիտուտների ստեղծման մասին։ Ըստ այդմ, կուսակցությունների՝ որպես ժողովրդավարության հիմնական հաստատությունների ձեւավորումը մտնում է պետության կարեւորագույն խնդիրների մեջ։