ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Համազգային ժողովրդավարական շարժման արդյունքում 1990 թվականից առ այսօր Հայաստանում իշխանության գլուխ գտնվող ուժերը, որոնք առաջիկա նախագահական ընտրություններում կրկին պաշտպանում են իմ թեկնածությունը, ժողովրդի դատին են ներկայանում իրենց վեցամյա գործունեության հետեւյալ հաշվեկշռով.
- Հայաստանի անկախության վերականգնումը եւ հանրապետության ներքին կայունության պահպանումը. - հավասարակշռված արտաքին քաղաքականության իրականացման շնորհիվ Հայաստանի միջազգային վարկի ձեռքբերումը. - ժողովրդավարական իրավունքների՝ բազմակուսակցականության, պառլամենտարիզմի, խոսքի, մամուլի, ցույցերի, երթերի, գործադուլների ազատության ապահովումը. - արմատական տնտեսական բարեփոխումների՝ մասնավորապես հողի սեփականաշնորհման իրականացումը, որը որոշ առումով ունեցավ ազգափրկիչ նշանակություն. - Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումն ու իրավական պետության օրենսդրական դաշտի ձեւավորման սկզբնավորումը. - մարտունակ բանակի, ներքին գործերի եւ ազգային անվտանգության մարմինների ուժեղ համակարգի ստեղծումը.