դա օբյեկտիվ երեւույթ է, դա գոյություն ունի եւ այդ իրականության վրա է հիմնված ընդդիմության ողջ դեմագոգիան։ Մեր ժողովրդին խոստանում են հրաշքներ, մեր ժողովրդին պատմում են հեքիաթներ, մեր ժողովրդին տալիս են հավաստիացումներ, որ ընտրվելու դեպքում կլուծեն մեր ազգի առջեւ կանգնած բոլոր խնդիրները։ Մեկ օրում տասնապատիկ կավելացնեն աշխատավարձերը, տասնապատիկ կմեծացնեն պետության բյուջեն, տասնապատիկ կբարձրացնեն կենսաթոշակներն ու նպաստները, միանգամից հանրապետություն կներգրավեն միլիարդավոր դոլարների ներդրումներ, արմատախիլ կանեն կաշառակերությունը, Լինչի դատաստանի կենթարկեն բոլոր հանցագործներին… Բայց դա մենք տեսել ենք, դա եղել է եւ դրա հետեւանքները հայտնի են։ Նույն սոցիալական ծանր իրավիճակի շահարկմամբ 1917 թվականին Ռուսաստանում իշխանության եկավ կոմունիզմի հրեշը, որը խլեց տասնյակ միլիոնավոր կյանքեր։ Նույն սոցիալական դեմագոգիայի եւ օբյեկտիվ իրականության ընձեռած հնարավորությունների հիման վրա Գերմանիայում իշխանության գլուխ եկավ Հիտլերը։ Ես երկու դեպք եմ հիշատակում, դուք կարող եք տասնապատկել։ Եւ այն մարդիկ, որոնք ժողովրդին խոստանում էին դրախտ, Լենինը՝ ռուս ժողովրդին, Հիտլերը՝ գերմանացի ժողովրդին, որոնք խոստանում էին համաշխարհային տիրապետություն, առաջին հերթին դժոխքի վերածեցին սեփական երկիրը եւ հեղեցին սեփական ժողովրդի արյունը։ Ահա թե դուք ինչի միջեւ եք ընտրություն կատարում։ Մենք ութ տարի անցել ենք հրի ու սրի միջով։ Ութ տարի մեր ժողովուրդը չի սխալվել։ Մեր ժողովուրդն աշխարհին ապացուցեց, որ անկախության վերականգնման այս վերջին հնարավորությունը նա օգտագործեց առավելագույնս, մի բան, որ տեղի չունեցավ 1918–20 թվականներին, երբ մեր հարեւանները՝ Վրաստանը եւ Ադրբեջանը ավելի պատրաստ գտնվեցին անկախությանը, քան թե Հայաստանը։ Այսօր հակառակն է, հայ ժողովուրդն ապացուցեց, որ շատ ավելի պատրաստ էր ունենալու սեփական պետությունը, քան մեր հարեւանները եւ դրանից քաղեց իր բոլոր նվաճումները։ Եթե ութ տարի չի սխալվել մեր ժողովուրդը, ես վստահ եմ, որ նա չի սխալվի նաեւ այսուհետեւ։
Սակայն չպետք է հանգստանալ. սոցիալական դեմագոգիան առաջին հայացքից անմեղ բան է թվում, բայց դրա հետեւանքը ֆաշիզմն է