Այս էջը սրբագրված է


ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԵԼՈՒՅԹ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ

(20 սեպտեմբերի, 1996թ.)

Սիրելի հայրենակիցներ,

Քանի որ իմ խոսքն անչափ պատասխանատու է լինելու, ես նպատակահարմար եմ համարում ձեզ դիմել գրավոր ուղերձով։

Ես չեմ պատրաստվում ձեզ ներկայացնել իմ նախընտրական ծրագիրը, դա բավականաչափ արված է զանազան հրատարակությունների, մամուլի, հեռուստատեսության, ռադիոյի միջոցներով։ Բացի այդ, Հայաստանի մարզերում ունեցած բազմաթիվ ելույթներում հնարավորություն եմ ունեցել ժողովրդին մատուցել իմ բոլոր հիմնական գաղափարները։ Այդ ծրագրի էությունը կարելի է ամփոփել հետեւյալ ժլատ ձեւակերպմամբ. պետության ամրապնդում եւ խաղաղության ու ներքին կայունության պահպանում, Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանում, նրա ազատ կենսագործունեության եւ անվտանգության ապահովում, երկրի տնտեսական զարգացման խթանում, ժողովրդի սոցիալական վիճակի աստիճանական բարելավում եւ օրինականության ու կարգուկանոնի հաստատում։

Այսօր, սակայն, ես խոսելու եմ բոլորովին այլ երեւույթի մասին, որը միայն կողմնակիորեն է առնչվում իմ ծրագրին։

Խոսքը վերաբերում է ընդդիմության նախընտրական տակտիկային։

Շուրջ մեկ ամիս է արդեն, ինչ ընդդիմադիր 6 թեկնածուներ մամուլի, հեռուստատեսության, ռադիոյի, հրապարակային հանդեսների բոլոր միջոցներով գիշերուզօր զբաղված են նախագահության մի այլ թեկնածուի վարկաբեկման բուռն գործունեությամբ։