Օգտագործվում է ստի, կեղծիքի, զրպարտության, անպարկեշտ որակումների, սոցիալական դեմագոգիայի ողջ զինանոցը։
Խոսվում է համատարած կողոպուտի, անբարոյականության, ազգային դավաճանության մասին։
Խոստումներ են տրվում առ այն, որ հնարավոր է մի քանի ամսում շեշտակիորեն բարձրացնել ժողովրդի կենսամակարդակը, տասնապատիկ ավելացնել պետության բյուջեն, աշխատավարձերը եւ կենսաթոշակները։
Նկատի ունենալով, որ այսպիսի քարոզարշավը կարող է որոշակի արձագանք գտնել դեռեւս սոցիալական ծանր վիճակի մեջ գտնվող մեր ժողովրդի զանազան շերտերում, ես ստիպված եմ տալ որոշ պարզաբանումներ։
Ի տարբերություն ընդդիմության՝ ընտրարշավի ընթացքում մենք ընտրել էինք զուսպ, պարկեշտության կանոնները չխախտող, անձնական պիտակներից զերծ խոսելաոճ։ Սակայն, տպավորություն է ստեղծվում, որ մեր լռությունը կարող է սխալ հասկացվել։
Ես այսօր էլ մտադիր չեմ հրաժարվել իմ որդեգրած սկզբունքից եւ դիմել անձնական բնույթի որակումների, բայց այլեւս անհնար եւ անթույլատրելի եմ համարում խուսափել որոշ քաղաքական գնահատականներից։
Նախ՝ հիշյալ թեկնածուներն իրենց մարդկային նկարագրով, վարքուբարքով, դավանած սկզբունքներով ու գործելակերպով շատ հեռու են ինձ, իմ ընկերներին, առավել եւս ողջ ժողովրդին բարոյականության դաս տալու իրավունքից։
Երկրորդ՝ նրանց սոցիալական դեմագոգիան հիմնված է Հայաստանի ռեալ իրավիճակի, նրա ռեսուրսների ու տնտեսական հնարավորությունների բացահայտ անգիտության փաստի վրա եւ ուղղված է ժողովրդին թեկուզ ժամանակավորապես մոլորության մեջ գցելու պատեհապաշտ նպատակին։
Եւ երրորդ՝ նրանց ծրագրերը, մեթոդները եւ արկածախնդրական մտահղացումները լի են այնպիսի ահավոր վտանգներով, որոնցից մեր ժողովուրդը կարողացել է խուսափել անկախության անցած հինգ տարիների ընթացքում։