Այս էջը սրբագրված է


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԱՐԵԴ ԱՐՁԻ ԱՌԹԻՎ

(21 սեպտեմբերի, 1996 թ.)

Սիրելի հայրենակիցներ,

Այնքան թանկ գնով՝ կորուստներով ու արյունով ձեռքբերված մեր նոր պետականությունը բոլորեց իր հինգերորդ տարին։

Դա ե՛ւ քիչ է, ե՛ւ շատ։ Ե՛ւ ակնթարթ է, ե՛ւ միաժամանակ հավիտենություն։

Քիչ է՝ մեր երեք հազարամյա պատմության տարեգրության կտրվածքով։

Շատ է՝ համեմատած մեր առաջին հանրապետության երկուսուկեսամյա գոյության հետ, եւ մանավանդ այնու, որ առաջին տարիները որեւէ նորածին պետության համար ամենադժվար, բայց եւ ամենաբախտորոշ ժամանակն են լինում։

Երբ հետադարձ հայացք ենք գցում անցած տարիներին, դրանք մի ամբողջ դար են թվում՝ հագեցած պատմական իրադարձություններով, պատերազմով ու շրջափակումներով, տագնապներով ու սպասումներով, կորուստներով ու սխրանքներով։

Բայց այդ տարիները եղան նաեւ մեր ժողովրդի քաղաքական հասունության եւ քաղաքացիական գիտակցության դրսեւորման ամենաբնորոշ հանգրվանը, որի կիզակետը հանդիսացան անկախության հանրաքվեն, արցախյան գոյամարտի հաղթական ավարտը եւ երկրի մշտակայուն իրավիճակը։