ԵԼՈՒՅԹ ԵՒՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎՈՒՄ
Պարոն նախագահ,
Մեծարգո գործընկերներ,
Երախտագիտության ու գոհունակության զգացումով պատշաճն եմ ուզում մատուցել Շվեյցարիային, որպես 1996 թվականին ԵԱՀԿ-ի նախագահող երկրի գործառույթները կատարողի։
Ես շնորհակալություն եմ հայտնում նաեւ մեր տանտերերին՝ Պորտուգալիայի Հանրապետության կառավարությանը, հյուրընկալության եւ լուրջ ու արդյունավետ աշխատանքի տրամադրող հիանալի պայմանների համար։
Պարոն նախագահ,
Մեր գործունեության հիմնական ուղղությունն առաջադրվել էր, ըստ էության, Սառը պատերազմի ավարտից անմիջապես հետո, երբ ԵԱՀԿ-ն կարողացավ հանդես գալ որպես նոր հայեցակարգով մի համաժողով՝ հնարավորություն ընձեռելով արդյունավետ համագործակցության մեջ ներգրավել անվտանգության դաշինքային համակարգի փլուզումից հետո քաղաքական վակուումում հայտնված բոլոր երկրներին։ Դա հաջողվեց անել նաեւ այն պատճառով, որ ԵԱՀԿ-ն ձեւավորվեց որպես իր բոլոր անդամներին միավորող «ընդհանուր արժեքների հանրակցություն»։