ԱՐՑԱԽՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆ [1]
Վերջին ժամանակներս մեր հասարակության տարբեր շրջանակներում սկսել է տարածում գտնել այն կարծիքը, թե իբր Արցախյան շարժումը մտել է փակուղի, քանի որ սպառվել են սահմանադրական պայքարի այն միջոցները, որոնց հետ էր կապվում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հույսը։ Այս կարծիքը տարածում են մի կողմից՝ արցախյան խնդրի արագ լուծման ակնկալությունից հուսախաբված եւ պայքարի երկարատեւությունից հոգնած անկեղծ մարդիկ, մյուս կողմից՝ Շարժումը վարկաբեկելու միտումով շահագրգռված ուժերը։ Որպես բնական հետեւանք՝ այստեղից էլ ծագում են Շարժումը սահմանադրական շրջանակներից դուրս բերելու ծայրահեղական ձգտումները, կամ ընդհակառակը՝ միջազգային ատյանների օգնությանը դիմելու հուսահատական կոչերը։ Այսինքն՝ արվում է այն, ինչին մեկուկես տարի ապարդյուն կերպով ձգտում էին կենտրոնական իշխանությունները, բայց մեր ժողովրդի բարձր գիտակցականության պատճառով չէին կարողանում հասնել,այն է՝ ժողովրդին հանել հավասարակշռությունից եւ պատրվակ ստեղծել ցանկացած բռնության դիմելու համար, որն այդ դեպքում կարդարացվի միջազգային հասարակական կարծիքի կողմից։
- ↑ Ելույթ հանրահավաքում, որի՝ 1989 թ. նոյեմբերի 13-ով թվագրված մեքենագիր տեքստը հեղինակի ստորագրությամբ տարածվել է որպես թռուցիկ, ապա, մասնակի փոփոխություններով, նույն վերնագրով հրապարակվել «Ավանգարդում» (19 նոյեմբեր, 1989թ.)։