Այս էջը սրբագրված է

Նկատի ունենալով այս ծանրակշիռ հանգամանքները, ես համոզված եմ, այո՛, որ ինքնորոշման իրավունքը չի կարող անտեսվել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմքերում։

― Հայաստանը եւ Ղարաբաղը արդյո՞ք խաղաղության գործընթացի եւ հակամարտության լուծման հարցում միեւնույն մոտեցումն ունեն։

― Հայաստանի եւ Ղարաբաղի մոտեցումներում կան որոշակի ընդհանրություններ, բայց կան նաեւ զգալի տարբերություններ։ Հայաստանն, իհարկե, ունի որոշ ազդեցություն Ղարաբաղի վրա, բայց այդ ազդեցությունը չպետք է բացարձակացնել։ Ղարաբաղն իր ընտրովի վարչական կառույցներով, իր ուժեղ բանակով, Ադրբեջանի դեմ մղած հաջող ազատագրական պատերազմով դարձել է ինքնուրույն քաղաքական գործոն։ Սա մի փաստ է, որ ոչ ոք այլեւս չի կարող ժխտել, եւ ավելին՝ հաշվի չառնել։

― Թուրքիայում, Արեւելյան Անատոլիայի զարգացման հետ կապված, որոշ շարժումներ եւ տնտեսական ուժեր պաշտպանում են Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը եւ հատկապես սահմանի բացումը, որը իշխանությունները պայմանավորում են Հայաստանի կողմից Ադրբեջանի հանդեպ կատարելիք քայլով։ Այս ուղղությամբ Դուք կոնկրետ հեռանկարներ տեսնո՞ւմ եք։

― Մեր պաշտոնական տեսակետն այս հարցի վերաբերյալ հետեւյալն է. չնայած անցյալում գոյություն ունեցած խոր անտագոնիզմին, Հայաստանը եւ Թուրքիան, որպես հարեւան պետություններ, պետք է առանց քաղաքական նախապայմանների հաստատեն նորմալ բարիդրացիական հարաբերություններ, որոնք կարող են ընդգրկել տնտեսության, առեւտրի, տուրիզմի, գիտության, մշակույթի, էկոլոգիայի ոլորտները։

Մենք չենք թաքցնում. Թուրքիան մեզ անհրաժեշտ է թե՛ որպես կարեւոր տնտեսական գործընկեր, թե՛ որպես ամենակարճ ճանապարհ դեպի Եւրոպա եւ արաբական աշխարհ։ Բայց ակնհայտ է, որ Հայաստանը նույնպես անհրաժեշտ է Թուրքիային. մի պատճառը դուք նշեցիք, իսկ մյուսն այն է, որ Հայաստանն էլ Թուրքիայի համար ամենակարճ ճանապարհն է դեպի Ադրբեջան եւ Միջին Ասիա։ Բավական է նշել, որ Թուրքիան նախկին Խորհրդային Միության հանրապետություններին կապող միակ երկաթուղին անցնում է Հայաստանով։

Առայժմ, այո, Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է հայ-ադրբեջանական հարաբերություննե