Այս էջը սրբագրված է

րով, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության առկայությամբ։ Սակայն ժամանակն է, որ նա անջատի այս հարցերն իրարից, քանի որ, իմ խորին համոզմամբ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, բացի վերը նշված նկատառումներից, բարենպաստ մթնոլորտ կստեղծի նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար։

― 1915 թվականի իրադարձությունների գնահատականի վերաբերյալ տարակարծությունը արդյո՞ք կարող է շրջանցվել։

― Հայաստանը 1915թ. իրադարձությունները համարում է հայ ժողովրդի դեմ կատարված ցեղասպանություն, որն, անկասկած, վաղ թե ուշ ճանաչվելու եւ դատապարտվելու է նաեւ միջազգային հանրության կողմից։

Դրանով հանդերձ, Հայաստանն այդ հարցը չի դիտում որպես քաղաքական նախապայման հայ-թուրքական պետական հարաբերությունների կարգավորման համար։ Երկու ժողովուրդների փոխըմբռնման ձեւավորումը, որին ես անկեղծորեն հավատում եմ, կախված է այդ հարաբերությունների արագ կարգավորումից։

― Ներքին կյանքում եւ Ձեր երկրի համար ինչպիսի՞ հետեւանքներ կունենա Անկարայում իսլամիստների իշխանության գալը։

― Չհավակնելով Թուրքիայի ներքին իրավիճակի փորձագետի դերին, չեմ կարող պատասխանել ձեր հարցի առաջին մասին։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա պարոն Էրբաքանի իշխանության գլուխ գալուց հետո Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, ըստ էության, որեւէ փոփոխություն չի կրել։

― Նավթամուղի անցկացման, Ադրբեջանի նավթի արտահանման վերաբերյալ վերջերս կնքված համաձայնությունը Հայաստանին դուրս է թողել։ Դա կարո՞ղ է թուլացնել ձեր դիրքը։

― Կնքված պայմանագրերը վերաբերում են այսպես կոչված Ադրբեջանի նախնական նավթի (early oil) տեղափոխման ճանապարհներին, այսինքն՝ Ռուսաստանի եւ Վրաստանի արդեն իսկ գոյություն ունեցող նավթամուղներին։ Դեռեւս որոշված չէ Ադրբեջան – Միջերկրածով հիմնական նավթամուղի ճանապարհը։ Ուստի դեռեւս շուտ է Հայաստանն անտեսված համարել։