― ԱՊՀ ներսում այս կազմակերպության էության եւ կառույցների վերաբերյալ կան տարաձայնություններ։ Ո՞րն է Հայաստանի մոտեցումը։
― Նախ եւ առաջ, կարծում եմ, պետք է արձանագրել հետեւյալը. անկախ ձեր նշած տարաձայնություններից, բոլորը միահամուռ են այն հարցում, որ ԱՊՀ ստեղծմամբ խորհրդային հանրապետությունները խուսափեցին կայսրության քայքայման հարավսլավական տարբերակից։
Երկրորդ, ԱՊՀ-ն նորանկախ պետություններին ժամանակավորապես ապահովեց անվտանգության վակուումում հայտնվելու վտանգից։
Եւ երրորդ, որոշ այլընտրանքներով հանդերձ, ԱՊՀ-ն դեռեւս պահպանում է ընդհանուր շուկայի պոտենցիալը, որը նորանկախ պետությունները չեն ուզում կորցնել, քանի որ նրանց ապրանքները դեռեւս երկար ժամանակ մրցունակ չեն լինելու միջազգային շուկայում։
Առայժմ, սակայն, ԱՊՀ անդամ պետությունները, չնչին բացառությամբ, դեռեւս պատրաստ չեն ստեղծել արդյունավետ վերազգային կառույցներ։
― Հինգ տարի է անցել այն օրից, ինչ աշխարհը ձգտում է նոր կարգի, եւ երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանը փորձում է վերստեղծել հակաարեւմտյան դաշինքների մի նոր ցանկ։ Հայաստանի համար արդյո՞ք չկա վտանգ՝ ներքաշվելու եւ սահմանափակվելու այդ նոր միության շրջանակներում։ Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը ՆԱՏՕ -ի ընդլայնման վերաբերյալ։
― Ես համոզված եմ, որ դեմոկրատական Ռուսաստանը որեւէ վտանգ չի ներկայացնում ո՛չ նախկին սոցիալիստական համակարգի երկրների, ո՛չ էլ Արեւմուտքի համար։ Նա հրաժարվել է կայսերական ամբիցիաներից եւ մտադիր չէ վերականգնել իր նախկին ազդեցության ոլորտները։ Դրա հետ մեկտեղ, սակայն, նա արդարացի խանդով է վերաբերում այն փաստին, որ իր լքած ազդեցության գոտիները փորձում են թափանցել այլ ուժեր։ Արեւմուտքի անվտանգության երաշխիքն, իմ կարծիքով, ոչ թե ՆԱՏՕ-ի շուտափույթ ընդարձակումն է, այլ Ռուսաստանի վերջնական դեմոկրատացումը։ Միջազգային հանրության ջանքերը, կարծում եմ, նախ եւ առաջ պետք է ուղղվեն այս նպատակին։
― Ինչպիսի՞ն են ներկայիս ձեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։