Այս էջը սրբագրված է


ԵԼՈՒՅԹ ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ 9-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

(13 հուլիսի, 1997թ.)

Համագումարի հարգարժան պատվիրակներ,

Քաջ գիտակցելով, որ գրեթե անհնար է մեկ ելույթում արծարծել ձեզ հուզող բոլոր հարցերը, փարատել ձեր կասկածներն ու մտատանջությունները, կամ ի վերջո՝ թեկուզ մասամբ բավարարել ձեր պարզ մարդկային հետաքրքրասիրությունը, կփորձեմ կատարել ընդամենը մի քանի անհավակնոտ շեշտադրումներ, որոնք, իմ կարծիքով, կարեւոր են ներկա քաղաքական իրավիճակի գնահատման տեսակետից։

Բարեբախտաբար թե դժբախտաբար, ՀՀՇ-ն որպես իշխող կուսակցություն, կրում է անցման շրջանի դժվարությունների, թերացումների, հասարակական ու բարոյական արատների ողջ պատասխանատվությունը (ՀՀՇ-ի իշխող կուսակցություն լինելու հանգամանքը, ես կարծում եմ, անհրաժեշտ չափով հիմնավորել եմ իմ նախորդ ելույթներում, ուստի հարկ չեմ համարում կրկնել բերված փաստարկները)։

Հայաստանի իշխանությունները, հետեւաբար ՀՀՇ-ն, տեղի ու անտեղի ենթարկվում են ընդդիմության եւ հասարակական կարծիքի դաժան քննադատությանը, ծաղրին, պարսավանքին, զրպարտություններին ու անհիմն ամբաստանություններին։

Գործի է դրվում ամբոխավարության, ստի, կեղծիքի, զանգվածներին հաճոյանալու, իշխանություններին վարկաբեկելու, թեւաթափ անելու, նրանց օղակների մեջ հակասություններ գրգռելու, հասարակական անդորրն ու երկրի կայունությունը խախտելու ողջ զինանոցը։