ժամանակվա մարդիկ համարյա չեն մնացել։ Նրա ամենամոտ ընկերներից մեկը գլխավոր ընդդիմադիրն է, մյուսը՝ ԽՍՀՄ-ը վերականգնելու համար ստորագրություններ է հավաքում, երրորդն իշխանություն չունի, սակայն նրանք առաջվա պես տանու մարդիկ են, նա ժպտուն է ու սրտաբաց, նրանք ժամերով զրուցում են, սակայն այս ամենը չեն խախտում Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ լռակյացի համբավը։
Հետխորհրդային նախագահներից ոչ մեկն այնքան ժլատ չէ հարցազրույցներ տալու խնդրում, որքան Հայաստանի Նախագահը։ Վերածննդի տարիների կրքոտ հռետորը այսօր բարեհամբույր անհողդողդությամբ մերժում է լրագրողական ցանկացած առաջարկ՝ խոսել այն մասին, ինչի շուրջ Նախագահը ցանկություն չունի խոսելու։
«Ձեր ներփակությունը հավատո հանգանա՞կ է»։ «Հավատո հանգանա՞կ,– մտախոհ ասաց Նախագահը,– ոչ, հավանաբար, բնավորություն է։ Ես պարզապես չեմ ցանկանում այդ ամենով զբաղվել»։
Եւ չի զբաղվում։ Ընդհանրապես, ասում են, համարյա անհնար է Լեւոն Տեր-Պետրոսյանին համոզել անել այն, ինչն անելն իր համար տհաճ է։ Կամ ՝ անհետաքրքիր։ Բնավորությո՞ւն է։ «Հավանաբար ես ինչ-որ բան թերագնահատում եմ, ինչ-որ բան կորցնում, սակայն ինձ համար պարզապես ձանձրալի է խոսելը»։
«Լավ վերջաբան է հարցազրույցի համար…»,– ծիծաղեց Տեր-Պետրոսյանը։
― Մոսկվա կատարած Ձեր այցը թե՛ զգացմունքային, եւ թե՛ զուտ քաղաքական իմաստներով ընկալվեց որպես կովկասյան խնդիրների նկատմամբ Ռուսաստանի նոր, առավել հավասարակշռված մոտեցման դրսեւորում։ Ի՞նչ հեռանկարներ են բացում այդ այցի արդյունքները Հայաստանի համար։
― Ամենից առաջ, Ռուսաստանի հետ մեր նոր պայմանագիրը պետք չէ ընդունել որպես անակնկալ։ Դա Ռուսաստանի հետ մերձեցման հերթական տրամաբանական քայլն էր։ Չէ՞ որ Հայաստանն առաջինն էր միացել Բելովեժյան համաձայնագրին, Հայաստանը ԱՊՀ բոլոր գործող համաձայնագրերի՝ թե՛ կոլեկտիվ անվտանգության ուժերի, թե՛ սահմանների համատեղ պաշտպանության, թե՛ ՀՕՊ-ի համատեղ համակարգման, եւ թե՛, իհարկե, բոլոր տնտեսական պայմանագրերի ամենաակտիվ մասնակիցն է։ Բացառությամբ մաքսային միության։ Բայց այստեղ էլ որեւէ հակասություն գոյություն չունի։ Չկան համատեղ սահմաններ, եւ հաշվարկները ցույց են տալիս, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ռուսաստանը ոչ ինչ չեն շահում։ Իսկ Հայաստանի համար լրացուցիչ բարդություններ կծագեն արտաքին առեւտրում։ Մենք ռուսական կողմին բացատրեցինք մեր տեսակետը եւ հանդիպեցինք լիակատար ըմբռնման։