1. Ստատուս-քվոյի կամ այսօր գոյություն ունեցող վիճակի հավիտենական պահպանումը։ 2. Հայաստանի եւ Ղարաբաղի կողմից, որպես վերջնագիր, Ղարաբաղի անկախության պահանջը կամ Ղարաբաղի միացումը Հայաստանին։ Ենթադրենք՝ ամբողջ աշխարհին ներկայացվում է նման վերջնագիր. միայն այս լուծումը եւ ուրիշ ոչինչ, որի դեպքում, իհարկե, Ղարաբաղը պատրաստ կլինի վերադարձնել գրավված տարածքները։ 3. Հաջորդ տարբերակը պատերազմն է, եթե, իհարկե, Ղարաբաղն իվիճակի է ծնկի բերել, այսինքն՝ կապիտուլյացիայի ենթարկել Ադրբեջանին։
Դո՛ւք դատեք առայժմ այս երեք տարբերակների իրական լինել-չլինելու մասին։ Դրանից հետո կխոսեմ ավելի իրական տարբերակների մասին։
Նախ՝ ստատուս-քվոյի պահպանումը. ինչպե՞ս եք դա պատկերացնում։ Ես արդեն նշեցի շրջափակման հետեւանքով Հայաստանի համար առաջացած դժվարությունները։ Դրան պետք է գումարել միջազգային հանրության հանգամանքը. ի՞նչ է, միջազգային հանրությունը թույլ է տալու, որ 20 կամ 30 տարի պահպանվի՞ այս վիճակը։ Դա բացառված է, եւ միջազգային հանրությունը կգտնի ձեւեր, միջոցներ՝ այնքան խեղճացնելու մեզ, որ ոչ միայն չկարողանանք ձեռք բերել այն, ինչ որ այսօր կարող ենք ձեռք բերել փոխզիջումների ճանապարհով, այլ շատ ավելի վատ վիճակի մեջ ընկնել։ Այդպես եղավ Բոսնիայում։ Եթե Բոսնիայի սերբերը մեկ տարի առաջ համաձայնեին այն լուծմանը, որ նրանց առաջարկվում էր, այսօր նրանք շատ ավելի լավ վիճակում կլինեին, եւ Խորվաթիայում կպահպանվեր սերբական Կրաինան։ Ամեն ինչ կորցրին։ Ուրեմն՝ ես չեմ գտնում, որ ստատուս-քվոն ռեալ է պահպանել։ Գուցե կարելի է համառել, կես տարի էլ, մեկ տարի էլ ձգձգել, բայց ի վերջո աշխարհի համբերության բաժակը կլցվի։
Երկրորդ՝ պահանջել միայն ու միայն անկախություն կամ միացում Հայաստանին եւ ուրիշ ոչ մի տարբերակ չընդունել։ Սա ըստ էության նույն բանն է։ Սա վերջնագիր է, եւ այս դեպքում միջազգային սանկցիաները շատ ավելի ազդեցիկ եւ էֆեկտիվ կլինեն։
Եւ երրորդ՝ պատերազմով, կարծում եմ, անհնար է, որ Ղարաբաղը կարողանա ծնկի բերել Ադրբեջանին, որովհետեւ դրա համար պետք է գրավի Բաքուն։ Սակայն եթե նա փորձի ոչ թե Բաքուն, այլ թեկուզ մեկ