շրջան էլ գրավել, աշխարհը դա թույլ չի տա։ Կա մի սահման, այդ սահմանից այն կողմ արդեն համբերությունը հատնում է։
Մնում է երկու տարբերակ. մի տարբերակը հարցի փուլ առ փուլ լուծումն է, մյուսը՝ փաթեթային։ Եթե հարկ կա, կարող եմ մեկնաբանել։ Նախ սկսեմ փաթեթային լուծումից, որովհետեւ փուլ առ փուլը, կարելի է ասել, դրա ավելի երկարաձգված տարբերակն է։ Փաթեթայինը ենթադրում էր, որ միաժամանակ լուծվում են ե՛ւ գրավված տարածքների վերադարձման հարցը, բացի Լաչինի շրջանից, ե՛ւ խաղաղարար ուժերի տեղադրումը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, ե՛ւ շրջափակումների վերացումը, ե՛ւ փախստականների վերադարձը իրենց բնակավայրերը, ինչպես նաեւ՝ բուֆերային, անջատիչ ու ոչ թռիչքային գոտիների ստեղծումը Ղարաբաղի ու Ադրբեջանի սահմանում։ Դրանք չափազանց լայն գոտիներ են։ Սա հարցի փաթեթային լուծման մի մասն էր։ Մյուս մասը Ղարաբաղի կարգավիճակի ճշտումն է։
Սա լուծման մեկ մեթոդոլոգիան է եւ, կրկնում եմ, գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ առաջին անգամ համանախագահները ներկայացրել էին նման՝ փաթեթային լուծման ծրագիր։ Առաջին մասի նկատմամբ, ըստ էության, ոչ ոք լուրջ տարաձայնություններ չուներ։ Երկրորդը՝ կարգավիճակը, կտրականապես մերժելի էր Ղարաբաղի համար եւ նույնքան կտրականապես մերժվեց Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը թյուր տպավորություն է ստեղծում, եւ, կարծես թե, միջնորդներն էլ շահագրգռված են այդ տպավորությունը տարածելու, որ իբր իրենք ընդունել են միջնորդների ներկայացրած առաջին ծրագիրը։ Այդպես չէ։ Ադրբեջանը նույնքան կատեգորիկ, կտրականապես մերժել է այդ ծրագիրը, ինչպես Լեռնային Ղարաբաղը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն ունեցել է շատ լուրջ վերապահումներ եւ այդ վերապահումները ներկայացրել է միջնորդներին։
Ըստ էության ի՞նչ տեղի ունեցավ։ Միջնորդներն էլ, մենք բոլորս էլ համոզվեցինք, որ այսօր Ղարաբաղը եւ Ադրբեջանը պատրաստ չեն քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրն ունի այդ կարգավիճակի մասին իր սեփական պատկերացումը, որը կտրուկ հակադրվում է հակառակորդի տեսակետին։ Այս հարցում բոլորը համոզվեցին։ Եւ դրանից հետո, ես կարծում եմ, ընտրվեց միակ իրատեսական մոտեցումը. եթե լուծման նման տար